«Գահա էներջի» ընկերությունը որոշել է անհապաղ կասեցնել բոլոր տեսակի շինարարական աշխատանքները Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում։ Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
«Հաշվի առնելով Կարբի և Օհանավան գյուղերի մի խումբ բնակիչների դեռևս չփարատված մտահոգությունները արագահոս դոտացիոն ջրագծի անհրաժեշտ վերակառուցման և հետագայում համապատասխան հանրային լսումների արդյունքում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի իրականացման կապակցությամբ, տեղեկացնում ենք, որ ընկերությունը որոշում է ընդունել անհապաղ կասեցնել բոլոր տեսակի շինարարական աշխատանքները Օհանավան համայնքում:
Մեր աշխատանքը դարձել է անհարկի և չհիմնավորված շահարկումների առիթ: Հայտնում ենք, որ մեզ համար այս հարցում առաջնահերթությունը գյուղացու շահն է, անխափան ոռոգման ապահովումը և այն համայնքների զարգացումը, որտեղ «ԳԱՀԱ Էներջին» գործունեություն է իրականացնելու:
Ժամանակը ցույց կտա, որ հողի վրա քրտինք թափող գյուղացուն հնարավոր չէ մոլորեցնել: Հենց այդ գյուղացին է լինելու այս ծրագրի հիմնական շահառուն և պաշտպանը: Մենք վստահ ենք այս ծրագրի նպատակների ազնվության մեջ», – ասված է ընկերության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի 7 համայնքների բնակիչները մի քանի անգամ զանգցածային բողոքի ակցիաներր են անցկացրել Օհանավանում ՀԷԿ-ի կառուցման դեմ՝ փակելով Երևան-Ապարան ճանապարհը։ Գյուղացիների պնդմամբ՝ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները ցամաքելու են։