14.10 Շուրջ 2 ժամ է, ինչ գյուղացիները փակել են Օհանավան-Ուշի ավտաճանապարհը և թույլ չեն տալիս մեքենաներին երթևեկել։
Մեր զրուցակից Լենա Պետրոյանը տեղեկացրել է, որ ոստիկանական փոքրաթիվ ուժերին չի հաջողվել գյուղացիներին հեռացնել ճանապարհից, ինչից հետո ոստիկանությունը նոր ուժեր է տարել ակցիայի վայր։
«Էլ 02, էլ կարմիր բերետ, սաղին բերել լցրել են, ոստիկանները ժողովրդից շատ են։ Նոր էլ մարզպետն եկավ, խոսեց գյուղացիների հետ, ժողովուրդն էլ ասաց, որ չի հավատում իրան ու պահանջեց, որ հենց հիմա տրուբեքը հանեն ՀԷԿ-ի տարածքից, ինչից հետո մարզպետը գնաց»,-ասել է մեր զրուցակիցը։
12.33 Այսօր Արագածոտնի մարզի 7 համայնքների բնակիչներ հերթական բողոքի ակցիայի շրջանակներում որոշել են փակել Օհանավան և Ուշի գյուղերի կողքով անցնող ավտոճանապարհը, ինչպես նաև Կարբի և Օհանավան գյուղի մոտ ՀԷԿ-ի կառուցման վայր տանող ճանապարհը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Ուշի գյուղի բնակչուհի Լենա Պետրոսյանը։
Նա նշել է, որ գյուղերում գործադուլ է հայտարարվել, ու բողոքող տղամարդկանց են միացել նաև կանայք ու դպրոցահասակ երեխաները, որոնք այս պահին շտապում են ակցիայի վայր։
Գյուղացիներին զայրացրել է այն հանգամանքը, որ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այդպես էլ չի կատարել իր խոստումը և չի այցելել իրենց մարզ՝ տեղում ծանոթանալու բնակիչների բողոքին։
«Մարտի 14-ին ժողովուրդը էլի դուրս եկավ, սպասեց, հետո ասացին, որ հանդիպում չի լինելու, խոստացան, որ այս շաբաթվա սկզբին Գևորգյանը անպայման գալու է, էլի խաբեցին։ Հիմա էլ գյուղերից մարդիկ զայրացած հավաքվում են, որ ճանապարհը փակեն, բայց ոստիկանները թույլ չեն տալիս», – նշել է Պետրոսյանը։
Վերջինիս խոսքով՝ ժամը 11։30-ի դրությամբ հավաքվածների թիվը հասնում է 400-ի, մարդկանց հոսքը շարունակվում է։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին հարյուրավոր գյուղացիներ մի քանի ժամով փակել էին Օհանավան-Ուշի ավտոճանապարը և պահանջել դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը, որի պատճառով, իրենց պդմամբ, իրենք զրկվելու են ոռոգման ջրից։ Նրանք նշում են, որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները ցամաքելու են։ Ակցիայի արդյունքում այդ շինտեխնիկան դուրս էր բերվել շինհրապարակից։
Գյուղացիների պահանջով ՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող պատասխանատուները ստիպված են եղել հանել շինտեխնիկայի մի մասը։ Լենա Պետրոսյանի խոսքով, սակայն, դրանից հետո շինարարական աշխատանքները վերսկսվել են։