«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը պատրաստ կլինի վարչապետի հետ երկխոսության գնալ, երբ կլինի հստակ հաղորդագրություն այն մասին, որ կա պատրաստակամություն պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու, և կա ցանկություն երկխոսության օրենքի նոր տարբերակի շուրջ՝ առանց պարտադիր բաղադրիչի։ Նման հայտարարություն նախաձեռնությունն արել է՝ պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Կառավարության այսօրվա նիստում Սարգսյանը «Դ!ԵՄ ԵՄ»-ի երիտասարդներին հրավիրել էր երկխոսության։
««Դ!ԵՄ ԵՄ»-ը միշտ կարևորել ու արժևորել է երկխոսության գնալը: Մենք դա ապացուցել ենք մեր պահվածքով՝ մինչ ՍԴ-ի գործընթաց սկսելը, նամակների շարք տարբեր ատյանների, այդ թվում՝ վարչապետին, հանդիպումներ, մեր խնդրանքով ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների կողմից ԱԺ արտահերթ նիստի հրավիրում, որը բոյկոտվեց մեծամասնության կողմից:
Այնուամենայնիվ, ողջունելով վարչապետի երկխոսության առաջարկը, հաստատակամ ենք, որ մեր պայքարը շարունակվելու է այնքան, մինչև իսպառ վերացվի օրենքից պարտադիր բաղադրիչը՝ անկախ նրանից՝ դա կլինի ՍԴ-ի որոշմամբ, թե առանց դրա, քանի որ օրենքը բացի իրավական հարթությունից նաև սոցիալական հարթության մեջ է, ինչը ոչ պակաս կարևոր է: Այն հակասոցիալական ու անմարդկային է», – ասված է «Դ!ԵՄ ԵՄ»-ի հայտարարության մեջ: