Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, ով ազատամարտիկների շարժման կազմակերպիչներից է, դեռևս անցյալ տարվա մայիսին բիզնես են խոստացել` պայքարը դադարեցնելու դիմաց։ Այս մասին նա ասել է այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ անցկացված դատական նիստի ընթացքում։
Կառաշք վերցնելու մեջ մեղադրվող, սեպտեմբերի 20-ից անազատության մեջ գտնվող Ավետիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ համարում է, որ ամբաստանյալի աթոռին հայտնվելը քաղաքական հետապնդման հետևանք է։
Ավետիսյանն ասել է, որ անցյալ տարի մայիսին, երբ մեկնարկել է ազատամարտիկների սոցիալական վիճակը բարելավելու պահանջով նստացույցը, իշխանական թևից մարդիկ մոտեցել և հորդորել են հրաժարվել նստացույցի գաղափարից։ Փոխարենը Ավետիսյանին գումար և բիզնես են խոստացել՝ թե մայրաքաղաքում, թե Էջմիածնում, ինչպես նաև խոստացել են վերականգնել նրան համակարգում։ Ազատամարտիկի խոսքով՝ ինքը հրաժարվել է դա անել։
Նա նշել է, որ հրաժարվել է քննիչի առաջարկից, համաձայն որի ինքն ազատ կարձակվի, եթե հրաժարվի պայքարից։
«Ես իմ հոգին և հայրենիքը չեմ վաճառում», – նշել է ազատամարտիկը, ինչը դահլիճում գտնվողները ծափահարություններով են ընդունել՝ վանկարկելով «Վոլոդյա, Վոլոդյա»։
Դատավոր Ավետիսյանը պահանջել է, որպեսզի դահլիճում գտնվողները դադարեցնեն նման վանկարկումները, այլապես ինքը ստիպված կլինի նիստը դռնփակ անցկացնել։
Նիստի սկզբում Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը երկու միջնորդություն է ներկայացրել դատավորին՝ իքնաբացարկ հայտնելու և Ավետիսյանին կալանքի տակ պահելու պատճառների բացակայության պայմաններում նրան ազատ արձակելու վերաբերյալ։ Դատավորը երկու միջնորդությունն էլ մերժել է։
Նման որոշումից հետո Ավետիսյանը հրաժարվել է պատասխանել դատավորի հարցերին, իսկ Զաքարյանը դիմել է վերջինիս՝ դատական նիստը հետաձգելու և նիստի արձանագրության կրիչը տրամադրելու պահանջով:
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը բավարարել է միջնորդությունը, հետաձգել դատական նիստը, իսկ հաջորդը նշանակել ապրիլի 2-ին` ժամը 14:00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում