հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Պատգամավորները բացատրել են՝ ինչու Հայաստանը չէր կարող «կողմ» լինել Ուկրաինայի բանաձևին

Պատգամավորները բացատրել են՝ ինչու Հայաստանը չէր կարող «կողմ» լինել Ուկրաինայի բանաձևին

Հայաստանը ճիշտ է վարվել՝ «դեմ» քվեարկելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին բանաձևին, որը չի ընդունում Ղրիմի հանրաքվեի արդյունքները։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանը չէր կարող «կողմ» չլինել ժողովրդի երկու հատվածների միավորման վերաբերյալ կամարտահայտությանը:

Ռուստամյանը նշել է, որ ռուս-վրացական պատերազմը նույնպես սկզբում ընկալվում էր որպես ագրեսիա, սակայն հետագայում ընկալումը փոխվեց:

Հարցին՝ արդյոք չի մտահոգվում Ուկրաինայի հայերի համար, Ռուստամյանը պատասխանել է․ «Մենք բոլոր երկրներում ենք հայերի համար անհանգստանում»: Նրա խոսքով՝ Ուկրաինայում բնակվող հայերը պետք է համակարգվեն ժողովրդի կայացրած որոշումների հետ, պետք է օրինապաշտ քաղաքացիներ լինեն:

«Ժառանգություն » խմբակցության ղեկավար Ռուբե ն Հակոբյանն էլ, անդրադառնալով քվեարկությանը, ասել է, որ խմբակցությունում այդ հարցը չեն քննարկել, սակայն, իր անձնական կարծիքով, Հայաստանը այդ քվեարկության ժամանակ առաջնորդվել է պետության շահերով:

«Գիտեմ, որ կարող եք զարմանալ: Կարող էր նաև «ձեռնպահ» քվեարկել, բայց այդքան էլ էական տարբերություն չկա «դեմ»-ի ու «ձեռնպահ»-ի միջև: Ես չեմ կարծում, որ Հայաստանի քվեարկությունը ճնշման ներքո է եղել: Ես հավատաքննիչ չեմ, բայց անհասկանալի կլիներ, եթե կողմ քվեարկեր»,- Հակոբյանի խոսքերն է փոխանցում Yerkir.am-ը։

Նրա խոսքով` նույն Ուկրաինան, Եվրոպան, Ամերիկան հստակ տեսնում են, թե ինչ է կատարվում Արցախում․ «Այդ նույն Ուկրաինան ճանաչեց Կոսովոյի անկախությունը, բայց, Արցախի հետ կապված, Ուկրաինան երկակի ստանդարտներով է առաջնորդվում, և ինչո՞ւ այդ դեպքում Հայաստանը պետք է համամարդկային շահերով առաջնորդվի»:

«Կա Արցախի հարց: Բոլոր այդ պետությունները, որոնք կողմ են քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, աչք են փակում` Արցախի խնդրի հետ կապված: Ինձ չի հետաքրքրում, թե որ պետություններն են կողմ կամ դեմ քվեարկել, ինձ հետաքրքիր է, թե այդ համամարդկային արժեքներն ինչո՞ւ չեն կիրառում` Արցախի հետ կապված»,- ասել է Հակոբյանը:  

Հիշեցնենք, որ բանաձևին կողմ է քվեարկել 100 երկիր, դեմ՝ 11։ Բացի Հայաստանից, դեմ են եղել Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն։ 57 երկիր ձեռնպահ են քվեարկել։