Մարտի 7-ին Ադրբեջանի սահմանը հատած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա Արսեն Խոջոյանի ընտանիքը գտնվում է անորոշ վիճակում ու անհամբեր սպասում է նրա մասին լուրերի։ Epress.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Արսենի մայրը՝ Սվետլանա Խոջոյանը։
«Շատ վատ վիճակի մեջ ենք, ճամփա ենք պահում, որ մեր երեխեն տուն գա։ Մարտի 12-ին Կարմիր Խաչի հետ երկու տող նամակ ա ուղարկել՝«բարևներ, ես ձեզ սիրում եմ», մեկ էլ հարսնացուին, էդքանը», – պատմել է մայրը։ Նրա խոսքով՝ դրանից հետո ոչ մի նորություն որդու մասին չունեն։
Սվետլանա Խոջոյանը նշել է, որ տեղի ունեցածն իրենց համար մինչ օրս շարունակում է անհասկանալի մնալ, սակայն վստահեցրել է, որ որդին իր կամքով սահմանը չէր անցնի։
«Ինքը դրա առաջին օրը իջել էր անասունները պահելու, հորն էր փոխրինում, հերն էլ եկել էր հաց տանելու։ Դե մեր արոտն էլ սահմանին կպած ա, անասուններին սաղն էլ ըտեղ են պահում։ Մենք էդ օրը անընդհատ հեռախոսով իրար հետ խոսելուց ենք եղել, մեկ էլ կապն ընդհատվեց։ Ինքը երբեք նման բան չէր անի, իրան տարել են, կամ էլ մոլորվել է», -եզրափակել է Խոջոյանը։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակից Epress.am-ին հայտնել են, որ շարունակում են բանակցություններ վարել Խոջոյանին, ինչպես նաև գերի ընկած ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ։
«Մենք շարունակում ենք պահպանել կապը մեր Բաքվի պատվիրակության հետ, բանակցություններն ընթացքի մեջ են», – ասել է գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։