35-ամյա Դիանա Նահապետյանին դանակի 21 հարվածով սպանելու (քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մաս) մեջ մեղադրվող նրա ամուսնու՝ Վոլոդյա Մուրադյանի հոդվածը փոխվել է, և այժմ նրան մեղադրում են 104-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ «առանձին դաժանությամբ սպանություն», որը ենթադրում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։ Նման որոշում այսօր կայացրել է Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը։
Ինչպես Epress.am-ին հայտնել «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի Արագ արձագանքման խմբի համակարգող Լիդա Մինասյանը, այսօրվա դատական նիստը կարճ է տևել, քանի որ հոդվածի վերաորակումից հետո ամբաստանյալի փաստաբանին պատրաստվելու համար ժամանակ են տրամադրել՝ մինչև հաջորդ նիստ, որը կկայանա ապրիլի 30-ին։
Լիդա Մինասյանը նաև հայտնել է, որ դատարանը բավարարել է նաև տուժող կողմի իրավահաջորդի փաստաբան Արմեն Մանուկյանի միջնորդությունը՝ գումարի բռնագանձման պահանջով քաղհայցի լսումներ անցկացնել։
Հիշեցնենք, որ գործի քննության ընթացքում դատարանը պարզել է, որ Վոլոդյա Մուրադյանը կոմուլյատիվ աֆեկտի տակ չի գտնվել, նա եղել է «հոգեկան բարձր հուզական վիճակում», սակայն հանցանքը կատարելիս ամբողջովին գիտակցությունից զրկված չի եղել՝ այսինքն, մեղսունակ է և գիտակցելով է կատարել հանցանքը։