Սպանության մեջ մեղադրվող 22-ամյա վանաձորցի Կարեն Կունգորցևն մոտ մեկ շաբաթ է՝ հացադուլ է սկսել «Վանաձոր» ՔԿՀ-ում։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Կունգորցևի մայրը՝ Անահիտ Հարությունյանը։ Վերջինիս խոսքով՝ իրեն տեղեկություններ են հասել, որ որդու առողջական վիճակն այս պահին լավ չէ։
Կունգորցևը բողոքում է իրեն անօրինական կալանքի տակ պահելու դեմ։ Նա պնդում է, որ կապ չունի 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության հետ։
Ապրիլի 7-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հերթական անգամ երկարացրել է Կունգորցևի կալանքը, ինչը, մեղադրյալի փաստաբանի խոսքով, հիմնավորված չի եղել։
15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Կունգորցևը չի ընդունում իր մեղքը, իրավապաշտպաններն ու փաստաբանը մատնանշում են նախաքննության ընթացքում գրանցված խախտումների մասին։
Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է իրականացրել: Մեղադրյալի մայրը նշել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը։