հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Վրաստանում «հայկական հինգերորդ շարասյան» մասին

Վրաստանում «հայկական հինգերորդ շարասյան» մասին

Վերջին շաբաթների ընթացքում վրացական ԶԼՄ-ներում հայտվել է տեղեկություն այն մասին, թե Ջավախքի շրջանից ինչ-որ հայեր երկար հերթ են կանգնած Թբիլիսիում ռուսաստանյան հյուպատոսարանում, որտեղ նրանց ՌԴ քաղաքացիների անձնագրեր են հանձնում։ Ինչու են հանձնում՝ հասկանալի է․ ոչ նախկին խորհրդային հայրենակիցների հանդեպ հանկարծ բռնկված ուժեղ սիրուց ելնելով։ Այս մասին «Էխո Կավկազա» կայքում հրապարակված «Հայկական հարցն ու հինգերորդ շարասյունը» հոդվածում գրում է թբիլիսցի լրագրող Թենգիզ Աբլոտիյան։

Հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար․

– Այս հարցը մի քանի կողմ ունի։ Առաջինը՝ գործնական։ Ահռելի հերթերի մասին տեղեկությունը տարածել են վրացի քաղաքագետներն ու փորձագետները։ Տեղյակ լինելով նրանց ստելու պատրաստականության մասին՝ ես այնքան էլ չեմ վստահում նրանց ենթադրություններին, առավել ևս, որ հյուպատոսարանի մոտ վերջին շաբաթների ընթացքում որևէ ահռելի հերթ չի գրանցվել։

Բացի դա, անձամբ ես խիստ կասկածում եմ, որ Ջավախքը գրավելու ռուսաստանյան ծրագիր գոյություն ունի, քանի որ դա լիովին զուրկ է իմաստից․ շրջանը գտնվում է մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա թե ռուս-վրացական սահմանից, թե ծովային նավահանգիստներից։ Եթե վերցնել Ջավախքը, ապա անհրաժեշտ կլինի վերցնել նաև մնացած ամեն ինչ, հակառակ դեպքում՝ ամբողջական և ընդհանուր շրջափակում է։

Առկա է նաև գործի զուտ բարոյական կողմը։ Վրաստանում երկար տարիներ կար պատկերացում, թե հայերի շրջանում մեծ էր ռուսամետ քաղաքացիների թիվը, ու, հետևաբար, նրանք այնքան էլ հավատարիմ չեն պետությանը։

Ի՞նչ կարելի է ասել այս առիթով։ Առաջին հերթին, պետք չէ մոռանալ, որ Ջավախքի հայերը [Վրաստանի] քաղաքացիներ են, ու նրանց նկատմամբ պետք է գործի «չի բռնվել՝ գող չէ» սկզբունքը։ Եթե հաշվի առնենք, որ «հայկական հինգերորդ շարասյան» մասին ակտիվորեն գրում են բացառապես դեղինները, ինչպես նաև ռուսաստանամետ թերթերը, ապա պետք է մտածել․ որքանո՞վ է ճիշտ մեր համերկրացիներին վիրավորել կասկածանքներով, որոնք դեռևս որևէ կերպ չեն ապացուցվել։ Ու եթե այնտեղ իսկապես ինչ-որ բան է նախապատրաստվում, ապա դրանով պետք է զբաղվեն հատուկ ծառայությունները, այլ ոչ՝ շատախոս քաղաքագետները, փորձագետներն ու դեղին մամուլը, որոնք անկախության 25 տարիների ընթացքում հաջողության են հասել միայն երկրում լրացուցիչ թշնամիներ ստեղծելու հարցում, ասես՝ եղածները բավարար չեն։

Երկրորդը, ու սա ամենակարևորն է, անցած երկու տարիները լիովին ոչնչացրել են կարծրատիպը, թե հայերը հատկապես անհավատարիմ են ու հակված կոլաբորացիոնիզմի։ Վերջին մեկ, մեկուկես տարվա ընթացքում վրացական հինգերորդ շարասյունը դուրս է եկել ընդհատակից, ուղղել մեջքն ու ներկայացել իր ողջ փառքով՝ ցույց տալով, որ վրացիներն իրենց դավաճանության հակվածությամբ որևէ մեկին չեն զիջում։

Ի՞նչ է՝ հայերն են ասում՝ «Ռուսաստանը մեր հավատակից եղբայրն է, իսկ Արևմուտքը՝ մեր թշնամին, այն պայքարում է վրացական ինքնության դեմ»։ Ոչ, սա ասում են մեր հիանալի մտավորականները, լյումպենները, անբանները, ոտքից գլուխ վրացիները․․․

Ի՞նչ է՝ հայերն են ասում՝ «Վրացիներ, էլի ի՞նչ եք կորցրել էդ Եվրոպայում, ինչների՞դ է պետք, դուք գինի էլ եք Ռուսաստանին վաճառում»։ Ոչ, դա ասում է վրացական հինգերորդ շարասյունը, մեր իսկ գյուղացիները, որոնք միմյանց հետ մրցում են, թե ով հայրենիքի կենացն ավելի շատ կխմի։

Թե՞ հայ քահանաներն են բղավում՝ «Եվրոպան այլասերվածություն է, գեյ շքերթներ, մանկապղծության օրինականացում, արյունապղծության խթանում»։ Ոչ, սա ասում են մեր հարազատ վրացի տերտերները։

Ըստ այդմ, ի՞նչ կարող ենք պահանջել հայերից։

Վրաստանը շատ բարդ մարտահրավերների առջև է կանգնած, հատկապես, ուկրաինական դրամայի ֆոնին։ Իմ կարծիքով՝ հավատարմության հարցերին մոտեցումը պետք է առավելագույնը պարզ լինի․ եթե մարդը Վրաստանի անկախության ու երկրի արևմտյան ընտրության կողմնակից է, ու նույնիսկ եթե քննադատորեն է մոտենում մնացած ամեն ինչին, ապա բարի գալուստ, մենք միևնույն ճամբարում ենք՝ անկախ ազգությունից, մաշկի գույնից, կրոնից, քաղաքական նախընտրություններից։ Կա միայն մեկ չափանիշ՝ հավատարմությունը պետության նկատմամբ՝ որպես գաղափարի, մնացածը անձնական գործ է։

Իսկ, երբ ինչ-որ մեկը հանդես է գալիս ռուսաստանամետ դիրքից՝ օգտվելով երկրի բարդ դրությունից, փորձելով մարդկանց համոզել՝ «պետք չէ Եվրոպային միանալ, մեզ այստեղ էլ լավ են կերակրում», փորձում է մարդկանց մոլորեցնել՝ օգտվելով կրոնական մոլեռանդությունից և մարդկային հասարակ հիմարությունից, ասում է՝ «վրացիները երբեք եվրոպացի չեն դառնա, քանի որ նրանք աղտոտում են փողոցները», հենց սա էլ իրական հինգերորդ շարասյունն է՝ անկախ ազգությունից և ծագումից։