Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաջողություն է մաղթում նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Այս մասին նա ասել է 2rd.am-ի հետ զրույցում` անդրադառնալով վարչապետի փոփոխությանը։
«Ես չգիտեմ, թե ինչպես և ինչն էր Սերժ Սարգսյանը գնահատում նախկին վարչապետի գործունեության մեջ, սակայն, դատելով ամենից, աշխատանքի արդյունքներն այստեղ կապ չունեն: Տնտեսության ծավալը թե համադրելի թվերով, թե դոլարային արտահայտությամբ դեռևս ցածր է նախաճգնաժամային մակարդակից՝ պարտքի եռապատկման և աղքատության էական աճի պայմաններում: Այդպիսի արդյունքներով կարծես թե ընդունված չէ հպարտանալ»,- նշել է Քոչարյանը։
Նա դրական է արտահայտվել Հովիկ Աբրահամյանի մասին։
«Իմ նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար և փոխվարչապետ է եղել: Ինչպիսի վարչապետ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Ծանր ժառանգություն է ստացել: Նրան անկեղծորեն հաջողություն եմ մաղթում»,- ասել է երկրորդ նախագահը։