Հանրային կարծիքի համառուսաստանյան հարցումներ անցկացնող «Լևադա» կենտրոնի սոցիոլոգները հարցումներից մեկում ընդգրկել են rbcdaily.ru-ի կողմից առաջարկված հարցեր։ Քաղաքացիներին հարցրել են, թե նախկին ԽՍՀՄ որ երկրներում են ոնտահարվում ռուսների իրավունքները, և թե ինչ ընդունելի եղանակներով կարելի է համերկրացիներին պաշտպանել խտրականությունից։
Հարցման արդյունքում սոցիոլոգները պարզել են, որ հարցվածների կեսը կցանկանար տեսնել երկրի տարածքի ընդլայնում՝ ռուսալեզու բնակչություն ունեցող հողերը Ռուսաստանին միացնելու հաշվին։ Հարցման մասնակիցներից, սակայն, միայն 8 տոկոսն է կողմ ռազմական գործողություններին։
Ռուսաստանի քաղաքացիների կարծիքով՝ ռուսալեզու բնակչությանն ամենաշատը ճնշում են Ուկրաինայում (62 տոկոս), Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում և Վրաստանում, ամենաքիչը՝ Բելառուսում (4 տոկոս) և Հայաստանում (5 տոկոս)։ Բարենպաստ երկրների շարքում են հայտվել Ղրղզստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը․ ընդ որում, այնտեղ չեն ոնտահարվում անգամ ռուսների սոցիալական ու քաղաքական իրավունքները, վստահ են հարցման մասնակիցները։
Հարցվածները նշում են, որ խտրականությունը, առաջին հերթին, արտահայտվում է ռուսերեն լեզուն պաշտոնապես օգտագործելու ու դրանով կրթություն ստանալու արգելքով (50 տոկոս), հետապնդումներով (42 տոկոս) և քաղաքացիությունը ճանաչելու հրաժարումով (26 տոկոս)։ Բացի դա, ռուսաստանցիների կարծիքով, Ուկրաինայում ու Բալթյան երկրներում դժվար է սեփական բիզնես հիմնել, կան արգելքներ առանձին մասնագիտությունների վերաբերյալ։
Հարցվածների մեծ մասը կարծում է, որ իրերի նման դասավորության դեմ կարելի է պայքարել միայն տնտեսական ու քաղաքական պատժամիջոցների օգնությամբ (41 և 34 տոկոս), հարցվածների մեկ երրորդը չի բացառում, որ նշված երկրների քաղաքացիների իրավունքները պատասխան ոտնահարումների են ենթարկվում Ռուսաստանում։