1984 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ» կոնվենցիայից երեք տասնամյակ անց՝ «Ամնեսթի ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպությունն աշխարհի մի շարք երկրների կառավարությունների մեղադրել է խոշտանգումներին վերջ դնելու իրենց պարտավորությանը հավատարիմ չլինելու մեջ:
«Խոշտանգումների առումով՝ կառավարություններն ամբողջ աշխարհում երկերեսանի են՝ դրանք արգելում են օրենքով, բայց կիրառում գործնականում: Ավելի ու ավելի մեծ թվով կառավարություններ փորձում են խոշտանգումներն արդարացնել ազգային անվտանգության անվան տակ, և այս ոլորտում վերջին երեսուն տարիներին գրանցած կայուն առաջընթացը փոքրանում է»,- ասել է «Ամնեսթի ինթերնեյշնլի» գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:
Կազմակերպությունը մայիսի 13-ին սկիզբ է տվել «Վերջ խոշտանգումներին» արշավին՝ հրապարակելով «Խոշտանգումները 2014 թվականում․ չիրականացված խոստումների 30 տարի» զեկույցը, որում ներկայացվում է ամբողջ աշխարհում խոշտանգումների կիրառման պատկերը։
Անդրադառնալով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններին, զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը լայն տարածում ունեն նախկին Խորհրդային Միության երկրներում։ Վերջին 20 տարիների ընթացքում խոշտանգումների դեմ պաշտպանական միջոցների պաշտոնական ներդրումը խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը գործնականում, կարելի է ասել, չի վերացրել։
Մինչդեռ խոշտանգումների կիրառումը, մասնավորապես, անջատողական և իսլամիստ կազմակերպությունների ենթադրյալ անդամների նկատմամբ սովորական երևույթ է, այն նաև բնորոշ է շարքային իրավապահ մարմիններին․ կոռումպացված և պակաս ռեսուրս ունեցող ոստիկանական ուժերը շարունակում են դաժան վերաբերմունքի միջոցով խոստովանություններ կորզել, ինչը դրամաշորթության շահութաբեր աղբյուր է։
Զեկույցում նշվում է, որ կառավարությունների կողմից տրված խոշտանգումների դեմ պայքարելու երաշխիքները նախկին Խորհրդային Միության երկրների իրավապահ մարմիններում խորապես արմատավորված դաժանության մշակույթում ոչինչ չեն փոխել։ Այդ պետություններում ոստիկանական ուժերը շարունակում են իրենց կատարողականությունը գնահատել ներկայացրած մեղադրանքների թվով, և խոշտանգումների միջոցով կորզված խոստովանությունը հաճախ դրան հասնելու ամենաարագ ճանապարհն է։
«Ամնեսթի ինթերնեյշնլի» կողմից փաստագրած խոշտանգումների մեթոդների թվում են ծեծը, էլեկտրահարումը, եղունգների տակ ասեղ մտցնելը, պլաստիկ տոպրակների միջոցով շնչահեղձ անելն ու բռնաբարությունը։