Թուրքիայի արևմուտքում գտնվող Մանիս նահանգի ածխահանքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 205, տուժել՝ 76 մարդ։ Հարյուրավոր հանքափորներ դեռևս գտնվում են փլատակների տակ, հայտնում է «Բի-Բի-Սի»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլից մոտավորապես 250կմ հեռավորության վրա գտնվող Սոմա քաղաքում։ Ինչպես հայտնել է Մանիսի նահանգապետ Ջենգիզ Էրզյունը՝ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կշարունակի աճել։ Ենթադրվում է՝ պայթյունի պահին շուրջ 2կմ խորությամբ հանքահորում գտնվում էր 787 հանքափոր։
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի խոսքով՝ պայթյունի պատճառ է հանդիսացել կարճ միացումը։ Յըլդըզը նշել է, որ զոհերի մեծ մասը մահացել է ածխածնի օքսիդի թունավորումից․ փրկարարները հանքահոր թթվածին են լցնում, որպեսզի ողջ մնացածները չթունավորվեն։
Նշենք, որ Թուրքիայի կառավարությունը բազմաթիվ զոհերի հիշատակին երկրում եռօրյա սուգ է հայտարարել։