Հայաստանի բնակչության 2/3-ը կարծում է, որ Եվրամիության և Հայաստանի միջև լավ հարաբերություններ են հաստատվել։ Այս մասին են վկայում ԵՄ Հարևանության բարոմետրի հրապարակած հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախագծի շրջանակներում, որն ուսումնասիրում է հանրային կարծիքը Եվրոպական հարևանության քաղաքականության երկրներում, հայտնում է Եվրոպական հարևանության տեղեկատվական կենտրոնը։
Այնուամենայնիվ, 2013 թվականի դեկտեմբերից 2014 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցման ընթացքում, որին մասնակցել է 1000 քաղաքացի, պարզվել է, որ մարդկանց թիվը, ովքեր հավատում են՝ Հայաստանը լավ հարաբերությունների ունի ԵՄ-ի հետ, 2013 թվականի գարնան համեմատ նվազել է 12 տոկոսով։
Հայաստանցիների ավելի քան կեսը՝ 55 տոկոսը, կարծում է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման համար կարևոր դեր ունի։ Քաղաքացիների 53 տոկոսը Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարևոր է գնահատում աղքատության դեմ պայքարի համար, 43 տոկոսը՝ մարդու իրավունքների։
Հայաստանի բնակչության մեծ մասը՝ 44 տոկոսը, Եվրամիության նկատմամբ դրական է տրամադրված, 19 տոկոսը՝ բացասական։ ԵՄ-ի հանդեպ չեզոք վերաբերմունք ունի հայաստանցիների 25 տոկոսը։ Հարցվածների կեսից ավելին՝ 54 տոկոսը, հայտարարել է, որ վստահում է ԵՄ-ին, ինչը մի փոքր ցածր է, քան ՄԱԿ-ի հանդեպ վստահության մակարդակը՝ 56 տոկոսը, ու զգալիորեն գերազանցում է ՆԱՏՕ-ի հանդեպ վերաբերմունքի ցուցանիշը՝ 37 տոկոս։