Համաուկրաինական հեռուստատեսային էքզիթ-փոլի տվյալներով` Ուկրաինայում մայիսի 25-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է Գերագույն ռադայի պատգամավոր, գործարար Պյոտր Պորոշենկոն (լուսանկարում)` հավաքելով ձայների 57,3 տոկոսը, ինչը նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ չի լինի:
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով արդեն իսկ հաշվարկվել էին քվերների մոտ 38 տոկոսը և Պորոշենկոն առաջատար է 54 տոկոսով։ Երկրորդ տեղում է Յուլիա Տիմոշենկոն՝ 13.12%, երրորդը Օլեգ Լյաշկոն է՝ 8.5 տոկոս։
Անատոլի Գրիցենկոյի օգտին քվեարկել է ուկրաինացիների 5.5 տոկոսը, իսկ Սերգեյ Տիգիպկոն ստացել է հաշվարկված քվեների 5,1 տոկոսը:
Հատկանշական է, որ ազգայնական ուժերի ներկայացուցիչները ստացել են 2 տոկոսից ավելի քիչ։ Մասնավորապես, «Աջ հատվածի» առաջնորդ Դմիտրի Յարոշը էքզիթ-փոլերի տվյալներով հավաքել է 1,1, իսկ «Սվոբոդա» կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը՝ 1,5:
Պյոտր Պորոշենկոյի հիմնական հակառակորդ Յուլիա Տիմոշենկոն արդեն հայտարարել է, որ ընտրություններն անցել են ազատ ու արդար պայքարում։ Ուկրաինայում վերլուծաբանները համոզված են, որ Պորոշենկոն կպահպանի ներկայիս ընթացքը՝ հավաքելով 50 տոկոսից ավել ձայներ։ Դա նշանակում է, որ Ուկրաինայի նախագահի ընտրությունները կավարտվեն առաջին փուլում։