Home / Տեսանյութեր / «Հերիք է ռեակցիա տանք»․ ակտիվիստն առաջարկում է պայքարի միասնական հարթակ ստեղծել

«Հերիք է ռեակցիա տանք»․ ակտիվիստն առաջարկում է պայքարի միասնական հարթակ ստեղծել

Հայաստանում չկա ակտիվիզմի մեկ հարթակ, բոլորը տարբեր հայացքների և արժեքների կրող են, իսկ ակտիվիստների փոքր խմբերով առաջ շարժվելն անհնար է։ Այս մասին Epress.am-ի «Շաբաթվա ամփոփում» հաղորդման ժամանակ ասել է քաղաքացիական ակտիվիստ Օլյա Ազատյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունների այս կամ այն գործողությանն արձագանքելը միայն բավական չէ արդյունքի հասնելու համար։ Գնահատելով քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի ակցիան՝ Ազատյանն այն արդարացված է համարել, սակայն նշել, որ նման հատվածային ակցիաները արդյունավետություն չեն ունենում, քանի դեռ չի ստեղծվել պայքարի միասնական հարթակ։

«Աբսուրդին պետք է աբսուրդով պատասխանել, խուլիգանությանը պետք է խուլիգանությամբ պատասխանել։ Վիլենի արարքն արդարացված է, քանի որ, եթե Հայաստանում սահմանադրական կարգ չկա, ի՞նչ ենք փոխում (Գաբրիելյանը ակցիա էր անցկացրել Սահմանադրական բարեփոխումների նախագծի հանրային լսումների ժամանակ – Epress.am)։ Նորմալ ռեակցիա է։ Սակայն հարցը արդյունավետությունն է։ Որքանո՞վ է բովանդակային և ինչքա՞ն ենք ռեակցիա տալու։ Մի՞թե հերիք չէ ռեակցիա տալ։ Ժամանակն է օրակարգ ձևավորել», – ասել է Օլյա Ազատյանը։

Նրա խոսքով՝ քանի դեռ ակտիվիստները «ռեակցիաներ են տալիս», նրանք շարունակում են մնալ իշխանությունների դաշտում, ու այդքանով կառավարելի են։

«Նույն Վիլենի ակցիայով լրատվամիջոցները ցույց են տալիս, որ կա այսպիսի Հայաստան, որտեղ ակտիվիստը հանգիստ կարող է նման մարդու հետ նման կերպ խոսել։ Մենք իրենց դաշտում ենք, իրենց հետ կառավարելի ենք» – ասել է Ազատյանը։

Նա կարծում է, որ արդյունքի համար անհրաժեշտ է տեսլական, հստակ ռազմավարություն ստեղծել։

«Պրոգրեսիվ խմբերի կոնսոլիդացիան էս պահին ամենակարևորն է Հայաստանի համար․ մի քանի լրատվամիջոց, մի քանի ՀԿ, մի քանի վերլուծաբան, մի քանի գիտնական, ակտիվիստներ։ Այդ ուժերը պետք է համախմբվեն և ի վերջո նոր օրակարգ, զուգահեռ իրականություն ստեղծեն։ Հակառակ դեպքում, իշխանությունների սարքած քառակուսու մեջ ենք», – եզրափակել է ակտիվիստը։

Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ

Լուսանկարը՝ Օլյա Ազատյանի ֆեյսբուքյան էջից