Վերահսկիչ պալատը (ՎՊ) դրական է գնահատում Կառավարության աշխատանքը 2013 թվականին։ ՎՊ-ն նշում է, որ և՛ եկամտային մասով, և՛ ծախսային մասով բյուջեով նախատեսված աշխատանքները կատարվել են համապատասխանաբար 99.77%-ով և 99.8%-ով։ Այս թվերը ԱԺ-ում 2013 թվականի բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացրել է Վերահսկիչ Պալատի ներկայացուցիչ Սեյրան Ավագյանը։
Նրա խոսքով՝ Պալատին չի գոհացրել այն, որ Կենտրոնական բանկի աշխատանքի որոշ ցուցանիշներ չեն տրամադրվել ՎՊ-ին, և որ ՊՈԱԿ-ների հաշիվները դեռ շարունակում են գտնվել առևտրային բանկերում, թեև դրա դեմ Աժ-ն օրենք է ընդունել։
Սեյրան Ավագյանը նաև մտահոգություն է հայտնել, որ կառավարությունը հավելյալ ծախս է արել՝ եվրոպական բոնդեր ձեռք բերելու համար, թեև այդ 500 միլիոն դոլարի ծախսը նախատեսված չի եղել կառավարության բյուջեով։ Նշենք, որ Ավագյանի ելույթից րոպեներ առաջ հաշվետվություն ներկայացնելով՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ եվրոպական բոնդերը ավելի ցածր տոկոսադրույքով էին և դրանք ձեռք էին բերվել ռուսական վարկը մարելու համար։
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հարցին անդրադառնալով, ասել է․ «Վերահսկիչ պալատը փաստորեն հերքեց այն, ինչ համոզում է կառավարությունը։ Այս պատմությունը հիշեցնում է մեկ այլ գործարք․ երբ Կենտրոնական բանկը Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք վաճառեց Կենտրոնական բանկի ոսկիները՝ ասելով, որ արդյունավետ չէր։ Դրանից հետո ոսկու գները սկսեցին աճել։ Վերահսկիչ պալատը նորից կասկածի տակ է դնում կառավարության ընդունակությունը կանխատեսումներ անելու հարցում», – ասել է Փաշինյանը։
Նա հարցրել է Վերահսկիչ պալատի ներկայացուցչի կարծիքը՝ արդյոք կառավարությունը գերազանցել է իր լիազորությունները՝ 500 միլիոն դոլար ձեռք բերելով։
Սեյրան Ավագյանը պատասխանել է՝ քանի որ Վերահսկիչ պալատին վերաբերող օրենսդրությունը փոխվել է, ՎՊ-ն չի կարող քաղաքական գնահատականներ տալ։
«Մենք միայն հրավիրում ենք կառավարության և ԱԺ-ի ուշադրությունն այն փաստին, որ կառավարության այդ որոշմամբ արտաքին պարտքի սցենարը փոխվել է, և դրա մեջ մենք ռիսկեր ենք տեսնում», – ասել է Ավագյանը։