Home / Հայաստան / Քանի դեռ ՀՀ-ն կախվածության մեջ է ՌԴ-ից, այն երբեք չի կարող հաղթել որևէ պատերազմում․ քաղաքագետ

Քանի դեռ ՀՀ-ն կախվածության մեջ է ՌԴ-ից, այն երբեք չի կարող հաղթել որևէ պատերազմում․ քաղաքագետ

Ռուսական կողմին թվում է, թե Ղարաբաղի հարցն արդեն լուծված է։ Նրանք երբեք չեն էլ ակնարկի, թե ճանաչելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը։ Նման բան սպասելն անգամ ծիծաղելի է։ Ռուսաստանի նպատակն է, որ Հայաստանը Եվրասիական միությանն անդամակցի ոչ թե հավասար իրավունքներով, ինչպես մյուս երկու հանրապետություններն են, այլ որպես վասալական տարածք։ ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի առաջին ղեկավար, քաղաքագետ Իգոր Մուրադյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը չի դառնա ռուսամետ քաղաքական-տնտեսական բլոկի լիարժեք մասնակից, և նրա մասնակցությունը թերի կլինի այնպես, ինչպես ՀԱՊԿ-ի դեպքում է։

«Հայաստանը ոչ մի շանս չունի որևէ կերպ ազդելու կամ որոշումներ ընդունելու հանրապետությունների մի բլոկում, որը ստեղծել է Ռուսաստանը։ Ռուսաստանը երբեք չի համաձայնվի պատասխանատվություն վերցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար, և առհասարակ ռուս գիտակցությանը ԼՂՀ հասկացությունը ինքնին ատելի է», – ասել է նա։

Մուրադյանի կարծիքով՝ որևէ կասկած չկա, որ պատերազմ է լինելու։ Հայաստանը կորցրել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օժանդակությունը և դրա փոխարեն ձեռք է բերել կասկածելի ու ոչ վերահսկվող գործընկերոջ ի դեմս Ռուսաստանի։

«Հայաստանը միջազգային մեկուսացման մեջ է հայտնվել, և դա կարևոր փաստ է հնարավոր պատերազմի մեկնարկին Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Երևում է, որ պատերազմը սկսվելու է ոչ թե Լեռնային Ղարաբաղի տարածքներից, այլ մայրաքաղաք Երևանից, որը կխաթարի երկրի կենսական ու պաշտպանական համակարգը։ Այդ պատերազմում Ռուսաստանը ձգտելու է դառնալ հաղթող կողմերից մեկը, որը, ըստ էության, կլինեն Ադրբեջանն ու Թուրքիան։ Քանի Հայաստանն այսքան կախվածության մեջ է Ռուսաստանից, չի կարողանա այլևս երբեք հաղթանակ տանել որևէ պատերազմում։ Հայաստանին մնում է ադրբեջանական բանակի ոչնչացման փորձ կատարել», – ասել է քաղաքագետը։

Պատասխանելով հարցին՝ ինչպիսի՞ն է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը Ղարաբաղի հարցի վերաբերյալ, Իգոր Մուրադյանն ասել է, թե այն բանից հետո, երբ Հայաստանն ընդունեց մադրիդյան սկզբունքները, որը նշանակում է երկրի ոչնչացումը և ազգային կատաստրոֆա, Հայաստանի իշխանություններին մնում է միայն մի բան՝ սպասել, որ Ադրբեջանը չի ընդունի բանակցությունների պայմանները՝ նույն սկզբունքների հիման վրա։

«Սակայն դա երկար է շարունակվելու․․․ Եթե Ադրբեջանը ընդունի դրանք, Հայաստանին չի հաջողվի երկար ժամանակ հրաժարվել դրանից, զարգացումներն էլ շատ արագ տեղի կունենան։ Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ տնօրինում են փոքր տրամաչափի օլիգարխները՝ իրենց հայտնի սկզբունքներով, և սա մինչ կատաստրոֆան վերջին էտապն է», – եզրափակել է Մուրադյանը։