Թուրքիայի hեռահաղորդակցության տնօրինությունը (TİB) հունիսի 3-ին հանել է Youtube կայքի վրա դրված արգելքը: Դա տեղի է ունեցել արգելքն ուժի մեջ մտնելուց 67 օր անց, հայտնում է «Հյուրիեթը»։
Սահմանադրական դատարանը վճռել է, որ արգելքը խախտում էր օգտատերերի իրավունքներն ու խոսքի ազատությունը։ Դատարանը նման վճիռ է կայացրել նաև մարտի 30-ի ընտրություններին ընդառաջ արգելափակված Twitter-ի վերաբերյալ։
Դատարանի վճիռը Հեռահաղորդակցության տնօրինությանը փոխանցվել է հունիսի 3-ին, որից հետո կառույցն իր կայքից հեռացրել է YouTube-ի արգելափակման մասին պաշտոնական հրամանը։
Թուրքիայի կառավարությունը YouTube-ն ու Twitter-ը երկրում արգելափակելու որոշում էր ընդունել այն բանից հետո, երբ դրանց միջոցով իշխանություններին վարկաբեկող նյութեր էին տարածվել։