Հունիսի 8-ին կայացած Գորիսի քաղաքապետի ընտրություններում տեղամասերում ընտրակեղծիքների մեծ թիվ չի գրանցվել։ Ամեն ինչ տեղի է ունեցել տեղամասերից դուրս, որտեղ երկու թեկնածուների «մարդիկ» հսկել են ընտրության ընթացքը և ուղղորդել քաղաքացիներին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ով դիտորդական առաքելություն էր իրականացնում ընտրատեղամասերից մեկում:
Նրա խոսքով՝ առավելագույնը, որ ինքը կարող էր անել, ոստիկաններին ստիպելն էր՝ թույլ չտան վերահսկող անձանց կանգնել և գործել ընտրատեղամասից 50 մետր հեռավորություն վրա:
Նշենք, որ, համաձայն պաշտոնական տվյալների, ընտրություններում հաղթել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալ ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը, ով ստացել է 4743 ձայն։ 2959 ձայն է ստացել անկուսակցական Հրայր Յոլյանը, իսկ 510 քվեաթերթիկ՝ մոտ 7 տոկոսը, անվավեր է ճանաչվել:
Ըստ Տեր-Գրիգորյանի՝ ուղղորդող մարդիկ միայն ՀՀԿ-ական թեկնածուի կողմնակիցները չէին: Նման կերպ փորձում էին հաղթանակի հասնել նաև անկուսակցական Հրայր Յոլյանի աջակիցները:
Ընտրատեղամասի ներսում հայտնաբերված խախտումներից դիտորդն առանձնացրել է ընտրախցում 3 ծրար և 2 քվեաթերթիկ գտնելու փաստը, ինչը նրա խոսքով, կարող է վկայել կարուսել կատարելու փորձի մասին:
«Ընդհանուր առմամբ ընտրությունները խաղաղ անցան, քանի որ ընդդիմադիր թեկնածուի անունը քվեաթերթիկում չկար», – ասել է Տեր-Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Ադունցի մրցակիցները նախընտրական արշավի ընթացքում ինքնաբացարկ էին հայտնել։