Առաջիկայում կարող է բարձրանալ Հայաստանի ԱԷԿ-ի էլեկտրաէներգիայի սակագինը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը: Նրա խոսքով՝ սակագնի բարձրացումը պետք է փոխհատուցի 2013 թվականին կայանում անցկացված աշխատանքները:
Մասնավորապես, անցյալ տարվանից կայանը ստորջրյա հորեր է հորատում, որպեսզի ինքնուրույն ջրամատակարարում ապահովի: Բացի դա, պահոցներ են կառուցվում վերամշակված վառելանյութի համար:
Այն հարցին, թե արդյոք հնարավոր է ենթադրել, որ ժամանակի հետ ԱԷԿ-ի շահագործման ծախսերը, դրա հետ մեկտեղ սակագինը, կավելանան, Բաղրամյանը նշել է.
«Մաշվածությունն ավելանում է, դրան զուգահեռ ավելանում են ծախսերն անվտանգության ապահովման համար»:
Վերջին 2 տարում ԱԷԿ սակագինը գրեթե չի փոխվել. 2011թ.-ին այն կազմում էր 4.230 դրամ (ընթացիկ արժույթով՝ 1.2 ցենտ), 2013թ.-ին՝ 5.059 դրամ (1.22 ցենտ) մեկ կՎտ/ժ-ի դիմաց:
Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախորդ շաբաթ իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը, որի հետևանքով էլեկտրաէներգիայի սակագինը կաճի 3.5-ից 4.3 դրամով։