Home / Տեսանյութեր / Վկաներին ճնշել են, կրակոցի դեպքը չեն քննել․ զինվորի ինքնասպանության վարկածին չեն հավատում

Վկաներին ճնշել են, կրակոցի դեպքը չեն քննել․ զինվորի ինքնասպանության վարկածին չեն հավատում

Սյունիքի մարզի Ծիրանաձոր գյուղի մարտական հենակետում 2012 թվականի նոյեմբերի 5-ին զոհված շարքային զինծառայող, 19-ամյա Սարգիս Սահակյանի մահվանից մոտ 20 օր առաջ նույն հենակետում՝ Սահակյանի նախորդ հերթապահության ժամանակ, կրակոց է հնչել: Այս փաստը, սակայն դատարանում ուշադրության չի արժանացել, թեև հնարավոր է անմիջական կապ ունի Սահակյանի մահվան դեպքի հետ: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է գործում որպես մեղադրյալ ներկայացված Արթուր Միսակյանի ու Արտաշես Խաչատրյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Անի Թորոսյանը:

Ամբաստանյալները մեղադրվում են զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեջ, սակայն չեն ընդունում առաջադրված մեղադրանքը: Տուժող կողմի իրավահաջորդները, իրենց հերթին, չեն հավատում ինքնասպանության վարկածին:

Թորոսյանի խոսքով՝ ինքը միջնորդել է դրվագի առթիվ 4 վկաների հարցաքննել, սակայն դատարանը մերժել է: Epress.am-ի հետ զրույցում Սահակյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Սյուզաննա Խչեյանը ևս կարևորել էր այդ վկաների հարցաքննությունը:

«Փաստ է, որ վկաները լռում էին, որ հենակետում մեկ այլ կրակոցի դեպք է եղել։ Այդ մասին ասել է վկա, սպա Գոռ Մարգարյանն այն բանից հետո, երբ բացահայտվել է, որ իրենց [վկաների] վրա ճնշումներ են գործադրվել: Այսինքն՝ սա երևան եկած նոր փաստ էր, և այն պետք է դատարանը ուսումնասիրեր»,- ասել է Խչեյանը:

Վկաները հետագայում պատմել են, որ նախաքննության ժամանակ ցուցմունքներն իրենցից վերցվել են հոգեբանական ճնշումների ներքո՝ 15 օր շարունակ մեկուսարանում պահելով։

Առաջին կրակոցի մասին խոսելով՝ Թորոսյանը մեջբերել է Գոռ Մարգարյանի ցուցմունքը, ով ասել է, որ կրակոցը լսելով՝ ինքը վազել է հենակետ, այդտեղ տեսել Սարգիսին՝ վախեցած-նստած, և մյուս զինծառայող Թովմաս Մնացականյանին՝ գլխիկոր նստած: Վերջինս ասել է, որ ինքն էր կրակողը, և դա բացատրել է նրանով, որ «գրոյկի մեջ էր»: Կրակոցից ոչ ոք չի տուժել։

«Իսկ Սարգիսի մահվան օրը Թովմաս Մնացականյանը դուրս է եկել հենակետից և հայտարարել, թե իբր «Սարգիսին թուրքերն են խփել»: Հետագայում մեջբերվել է ինքնասպանության հորինված վարկածը»,-ասել է Անի Թորոսյանը՝ պնդելով, որ դեպքը լրացուցիչ քննության անհրաժեշտություն ունի:

Մեղադրանքի համաձայն, ծառայակիցները Սարգիս Սահակյանին ճնշել ու նվաստացրել են «Սնիկերս» թաքուն ուտելու համար, նրան անվանել են «չաթլաղ»: Պաշտոնական վարկածի համաձայն, վիրավորանքը դրդել է Սահակյանին ինքնասպան լինել: