Հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորամասերից մեկի մարտական հենակետում զինծառայող է զոհվել։ Այս մասին Epress.am-ին փոխանցել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ զոհվածի անունը դեռ հայտնի չէ։ Հովհաննիսյանն ասել է, որ, նախնական վարկածի համաձայն, զինծառայողը զոհվել է հակառակորդի գնդակից։
Եվս մեկ զինծառայող է մահացել այսօր՝ հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում։ Մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 20-ամյա շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը ( Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ):
Միջադեպի մանրամասները ճշտվում են:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Նախիջևանի հետ սահմանային գոտում հակառակորդի կրակոցներից 2 հայաստանցի զինծառայող էր զոհվել՝ 27-ամյա Անդրանիկ Եղոյանը և 22-ամյա Բորիս Գասպարյանը։