ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի՝ «Եղնիկներ» կոչվող զորամասի մարտական հենակետում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում ստացած զինծառայող, 1994թ․ ծնված Դերենիկ Մանուկյանի մահվան մասին լուրն իմանալուց հետո մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց վերակենդանացման բաժանմունք։ «Ժամանակ» օրաթերթն այցելել է զինծառայողի ծնողներին։ Այցելության պահին ո՛չ հրամանատարական կազմից, ո՛չ պաշտպանության նախարարությունից ծնողներին կատարվածի մասին որևէ տեղեկություն չեն տրամադրել։
Դերենիկի հայրը՝ Արամ Մանուկյանը թերթի հետ զրույցում ասաց, որ իր որդին ոչ մի խնդիր չուներ բանակում։ Ինքը խոսել է որդու հետ, նա երբեք չի բողոքել որևէ բանից։
«Տղայիս -5 տեսողությամբ տարել են առաջին գիծ, բացի այդ՝ ողնաշարի խնդիր ուներ, բայց առաջին գծում 12 կիլոգրամանոց գնդացիրը ուսին 20 կիլոմետր բարձրացնում էր», – «Ժամանակ»-ի հետ զրույցում բողոքեց Դերենիկի մորաքույրը՝ Կարինե Համբարձումյանը, հավելելով, որ Դերենիկի եղբորը նույնպես նույն առողջական խնդիրներով կրկին զորակոչել են բանակ։
«Ողջ երեխային տվեցինք բանակին՝ հիմա դիակ ենք ստանում։ Էս ա մեր բանակը, մեր պաշտպանության նախարարության աշխատանքը։ Սա մի բառով ա կոչվում «բեսպրեդել» կամ «բարդակ»», – ասաց տղայի հորաքույրը՝ Թամարա Մանուկյանը։
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտնել է ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի սպա Մերի Սարգսյանը, Դերենիկ Մանուկյանի մահվան փաստի առիթով ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 373 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Վերոհիշյալ արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Բաբիկյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում