Այսօր Բաքվում անցկացվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոթ» (Rose-Roth) սեմինարի ընթացքում ղարաբաղյան հակամարտության թեմայի շուրջ վիճաբանել են Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների անդամները։ Այս մասին հայտնում է Contact.az-ը՝ հղում կատարելով Turan գործակալությանը։
Հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն ու ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարել են, որ «օկուպացիա» տերմինի կիրառումն ընդունելի չէ։ Նրանց խոսքով՝ Ղարաբաղում տեղի է ունեցել «ժողովրդական շարժում» և «քաղաքացիների իրավունքների ոտնահարմանն ուղղված դիմակայություն», հետևաբար, Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի մասին չի կարելի խոսել։
Հայաստանի ներկայացուցիները նաև նշել են, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության։
Ի պատասխան՝ Ադրբեջանի ներկայացուցիչները՝ Զիյաֆեթ Ասքերովը, Սիյավուշ Նովրուզովն ու Զահիդ Օրուջը հայտարարել են, որ Հայաստանն «ուղղակիորեն կապ ունի ագրեսիայի հետ», ինչի մասին վկայում են ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որոնք հայկական կողմն անտեսում է։
«Հայկական կողմի՝ ագրեսիան արդարացնելու ու այն որպես ինքնորոշման համար պայքար ներկայացնելու փորձերը հակամարտության կարգավորումը փակուղի են մտցնում»,- նշել են Ադրբեջանի ներկայացուցիչները։
Վիճաբանությունն ավարտվել է միայն այն ժամանակ, երբ սեմինարը նախագահող Հյու Բեյլին կողմերին կոչ է արել քննարկումը տեղափոխել «կառուցողական երկխոսության» մակարդակի։
Ավելի վաղ «Ենի Մուսավաթ» թերթը հայտնել է, որ ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի ներկայացուցիչների այցի դեմ։
Ակցիան տեղի է ունեցել Four Seasons հյուրանոցի դիմաց, որտեղ տեղավորվել են հայաստանցի պատվիրակները։
Ավելի ուշ ոստիկանությունը խլել է ակտիվիստների պաստառներն ու ցրել ակցիան։
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոթ» (Rose-Roth) սեմինարին մասնակցելու նպատակով, բացի Կիրակոսյանից և Պողոսյանից, Բաքու է մեկնել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը։