Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանական բարեկամության խումբն այն քիչ հասարակական կառույցներից է, որ մեծ պտուղներ է տալիս Հայաստանի համար: Այս մասին այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարել է հայկական կողմի ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Նրա խոսքով` այժմ հայկական կողմը փորձում է օգտագործել այս խումբը բարելավելու հայ տնտեսվարողների դերը ռուսական շուկայում: Բացի տնտեսական հարցերից, ռուսական կողմի հետ վերջին հանդիպման ժամանակ քննարկվել են նաև մշակութային ինտեգրման, տարածաշրջանի սպառազինման և այլ հարցեր:
Նաղդալյանին հիշեցրել են գույք` պարտքի դիմաց ծրագիրը, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը, Հայաստան ներկրվող գազի գնի բարձրացումը, Դմիտրի Կիսելյովի հայտարարությունը և հարցրել` ինչն է պատգամավորն այս դեպքում համարում հայ-ռուսական բարեկամություն:
«Մենք գույք` պարտքի դիմացը մեկնաբանում ենք որպես մեզանից վերցրած գույք, այդ գույքը սկսել է աշխատել, դրանով մենք ունենք կոոպերացիոն հնարավորություններ: Ադրբեջանին զենք վաճառելը չի կարող խախտել մեր բարեկամությունը: Դուք միայն միակողմանի մի նայեք»,- ասել է Նաղդալյանը:
Ի օգուտ Ռուսաստանի նրա փաստարկները շարունակել է թվարկել ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա ասել է, որ Ռուսատանն է ապահովում Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, ԼՂՀ հարցի լուծումը, Հայաստանի առջև բացում է մեծ շուկա, Ռուսատանում է հայկական ամենամեծ սփյուռքը: «Համեմատությունները պետք է ախր զուգահեռներով անեք, տենց չի լինի»,- ասել է Այվազյանը:
Ասուլիսի մասնակից պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ հավելել է, որ ինչ-որ մի անձի հայտարարություն, ով էլ նա լինի (նկատի ունի Կիսելյովի հայտարարությունը) պետք չէ հավասարեցնել գազային պայմանագրի կամ գույք` պարտքի դիմաց ծրագրերի հետ:
«Այդքան մի լրջացրեք: Այդ մարդը դժվար ձեր ասածը այդքան երկար քննարկի»,- ասել է Լևոն Մարտիրոսյանը: