Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը որոշակի քաղաքական նկատառումներով և դա ճիշտ քայլ է։ Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը։
«Այո, մյուսներն էլ չեն ճանաչել՝ ելնելով այլ նկատառումներից։ Սա իրականություն է։ Կարծում եմ՝ ամեն ինչ բոլորի համար հասկանալի է։ Եթե որոշակի խնդիրներ մնացել են, այդ հարցերը էմոցիոնալ մակարդակում են։ Ես մեծ պատրաստակամությամբ ընդունում եմ մեր ժողովրդի ցանկությունները, հույզերը։ Բայց պետք է հասկանանք, որ քաղաքականության, դիվանագիտության մեջ հույզերը տեղ չունեն։ Դիվանագիտությունը տղայություն անելու տեղ չէ», – հայտարարել է Սարգսյանը՝ անդրադառնալով ԼՂՀ-ն ճանաչելու մասին զրույցներին։
Նրա խոսքով՝ ինքը զարմացած է, թե ոմանք զարմացած են, որ Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը։ Նշենք, որ նամակում Ալիևը առաջարկել է Հայաստանը Մաքսային միություն ընդգրկել ընդունված սահմաններով։
«Ում համար է գաղտնիք, որ Ադրբեջանը ոչ միայն լարվածություն է ստեղծում սահմանին, խախտում է զինադադարը, բայց նաև դիվանագիտական ճակատում էլ է պատերազմ մղում։ Զարմանալի կլիներ, եթե Ադրբեջանի նախագահը նամակ չուղղեր Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի նախագահներին։ Երբ ասում են՝ անակնկալ էր, ես չեմ կիսում այդ կարծիքը։ Մենք ունենք անցյալի փորձը՝ Մինսկում Ղազախստանի նախագահը բարձրացրել էր այդ հարցերը։ Եվ երբ ես ասում էի՝ տհաճ է․․․ Տհաճությունը․․․ ոչ թե բովանդակային առումով էի ասում՝ տհաճ է, այլ տհաճ է, որ Մաքսային միության անդամ երկրներից մեկի նախագահը հղում էր կատարում Ադրբեջանի նախագահի նամակին։
Եվ նորից եմ ասում։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր հստակ սահմանները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի իր հստակ սահմանները։ Էստեղ կասկածելու ոչինչ չկա։ Եվ էն քաղաքական գործիչները, ովքեր փորձում են մինչև վերջ չհասկանալ Լեռնային Ղարաբաղի անկախ լինելու հանգամանքը և փորձում են այս թեման դարձնել քննարկումների առարկա, ոչնչով չեն օժանդակում, ընդհակառակը, խոչընդոտում են խնդրի լուծմանը և հավելյալ վտանգներ են առաջացնում Հայաստանի Հանրապետության համար», – ասել է Սերժ Սարգսյանը։
Դիմելով իր քննադատներին՝ Սարգսյանը խնդրել է չպաշտպանել Արցախն իրենից, քանի որ դա «ոչ միայն վիրավորական է, այլ նաև անհեթեթ»։