Հունիսի 12-ին մեկնարկած՝ Շանթ Հարությունյանի և մյուս 13 քաղբանտարկյալների դատական նիստերին ոստիկանությունը լավ է պատրաստվել՝ դահլիճ մուտք գործելու առումով բազմաթիվ խոչընդոտներ ստեղծելով թե ԶԼՄ-ների, թե մեղադրյալների հարազատների համար։
Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ հայտարարել է Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։ Նա նշել է, որ ինքն անձամբ նույնպես մեծ դժվարությամբ է կարողացել մտնել նիստերի դահլիճ. մի քանի րոպե ուշացումով մոտենալով դատարանի շենքին, նա տեսել է, որ բոլոր մուտքերը փակ են։
«Այսինքն, այսօր ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունները 14 հոգու նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում, ըստ էության, իմանալով, որ նրանց քաղաքական հայացքների համար են հետապնդում, բացի դա խոչընդոտում են դռնբաց դատավարությունը»,- ասել է Պետրոսյանը։
Նա նշել է, որ փոքր դահլիճի պայմանները նույնպես թույլ չեն տալիս պաշտպաններին ինչպես հարկն է պաշտպանել մեղադրյալների իրավունքները, սակայն դատավորը հայտարարել է, որ դա Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի ամենամեծ դահլիճն է, ու փոփոխություններ չեն լինելու։
Քաղբանտարկյալներից Տիգրան Պետրոսյանի և Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը նման դահլիճի առկայությունը նույնպես խնդիր է համարել՝ նշելով, որ Հայաստանում կան դահլիճներ, որոնք իրենց չափերով համապատասխանում են նման հնչեղ գործերին, օրինակ, Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դահլիճը։ Նա կարևորել է գործը հնարավորինս հրապարակային դարձնելը՝ նույնպես նշելով, որ իշխանությունները խոչընդոտում են բաց ու թափանցիկ դատական գործընթացի անցկացմանը։
Շանթ Հարությունյանը և նրա համախոհները ձերբակալվել են նոյեմբերի 5-ին Երևանում մեկնարկելիք ցույցի ժամանակ։ Նրանք մեղադրվում են զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության մեջ։ Մի շարք հայաստանցի իրավապաշտպաններ և միջազգային կառույցներ նրանց քաղբանտարկյալ են ճանաչել։