ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր՝ հունիսի 23-ին, վճռել է անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով «Հարսնաքարի» գործով անցնող բոլոր 6 մեղադրյալները դատապարտվել էին 12 տարվա ազատզրկման։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ որոշումը լսելուց հետո դատապարտյալ Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը վատացել է, Արման Բաղդասարյանի կինը՝ Աստղիկ Մանուկյանը, ուշաթափվել է, ու նրան առաջին օգնություն են ցուցաբերել։
Բոլոր ամբաստանյալների հարազատները արտասվում են և աղմկում։
Հիշեցնենք, որ 2012 թվականի հունիսի 17-ին ՀՖՖ նախագահ, այն ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի էին ենթարկվել մի խումբ ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ 32-ամյա Վահե Ավետյանը, 12 օր անց մահացել էր հիվանդանոցում: Մեղադրյալներ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը, Արթուր Բաբլոյանը և Դավիթ Ադամյանը, ըստ դատարանին ներկայացված փաստաթղթերի, աշխատել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:
2014 թվականի մարտի 24-ին Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը մեղադրյալներին 12 տարվա ազատազրկման էր դատապարտել։