Վարդենիսի մոտ 500 բնակիչներ այսօր ժամը 13.00-ի սահմաններում փակել են քաղաք տանող ավտոճանապարհը՝ պահանջելով հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
Հիշեցնենք, որ երեկ ժամը 16։00-ի սահմաններում Վարդենիսում տեղացած խոշոր կարկուտից մոտ կես ժամ անց սկսված ուժեղ պտտահողմը րոպեների ընթացքում տներ էր վնասել ու այգիներ ավերել քաղաքի Երևանյան, Սպենդիարյան, Սախարովի փողոցներում։
Սախարովի 19 հասցեի բնակիչ Արթուր Սահակյանն Epress.am-ին ասել է, որ իրենք ընտրված պատգամավոր ունեն, սակայն վերջինս միայն ընտրություններից առաջ է ժամանում։ Վարդենիսցիները չեն ցանկանում հանդիպել նաև մարզպետի հետ։
«Բոլորը միայն ընտրություններից առաջ գալիս, խոստումներ են տալիս։ Եթե վարչապետն այսօր չգա, վաղը փակելու ենք երկաթգծի կայարանը»,- ասել է Սահակյանը։
Նշենք, որ բողոքողների թիվը գնալով ավելանում է։ Ճանապարհը փակած տղամարդկանց միանում են նաև կանայք և երեխաներ։