Դատապարտյալ Համլետ Ղազարյանի մասին պաշտոնյան ու իրավապաշտպանը միմյանց հակասող տեղեկատվություն են ներկայացրել Epress.am-ին։ Համաձայն մամուլում տարածված տեղեկատվության, Ղազարյանը պահանջում է բուժել իրեն։
Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Համլետ Ղազարյանն ինքնավնասման փորձ է կատարել՝ կուլ տալով մեխեր, և այժմ հրաժարվում է բուժօգնությունից, ինչպես նաև ռենտգեն հետազոտության ենթարկվելուց։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աշխատակից Գոռ Ղլեչյանը։ Նրա խոսքով՝ դատապարտյալի համառությունը անհասկանալի է պետական մարմինների ներկայացուցիչներին։ Ղազարյանը պահանջում է իրեն բուժել քաղաքացիական հիվանդանոցներից մեկում, մինչդեռ հրաժարվում է այդպիսի հիվանդանոցից հատուկ իր համար հրավիրված բժշկի օգնությունից։
«Նա ցանկանում է բուժվել քաղաքացիական հիվանդանոցներից մեկում, այն դեպքում, երբ դատապարտյալի բուժումը հնարավոր է իրականացնել ՔԿՀ-ի բուժմասում կամ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում», – ասել է Ղլեչյանը։
Պաշտոնյայի խոսքով՝ մեկ ամիս առաջ դատապարտյալը ևս ինքնավնասման էր դիմել։ Մայիսի 12-ին Արթիկի բժշկական կենտրոնում տեղային անզգայացմամբ կատարվել է Ղազարյանի մարմնից կուլ տված ասեղի հեռացում։
Ղազարյանի առողջական վիճակի մասին ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը Epress.am-ի հետ զրույցում դատապարտյալի վիճակի մասին այլ բան է ասել։
Ըստ Սարգսյանի՝ Ղազարյանը թույլ տվել է և՛ ռենտգեն հետազոտություն իրականացնել, և՛ համաձայնել է վիրահատվել։ Դիտորդական խմբի ղեկավարի խոսքով՝ իրենց խմբի ներկայացուցիչները տեսել են ռենտգեն հետազոտության արդյունքները։
Նշենք, որ Aravot.am-ն այսօր գրել էր, թե դատապարտյալն արդեն 29 օր է, ինչ չի կարողանում հաց ուտել, քանի որ ունի սրտխառնոց, փսխում:
«Դատապարտյալի խոսքով՝ իրեն չեն այցելում բժիշկներ: Նրա պահանջը մեկն է՝ կուլ է տվել մեխեր, խաչեր, ապակի, և իրեն չեն տանում վիրահատության»,- գրել էր aravot.am-ը։
Ղլեչյանի խոսքով, սակայն, Ղազարյանը դիետիկ սնունդ է ընդունում։ Ռուբեն Սարգսյանը նույնպես նշել է, որ դատապարտյալը սնունդ է ընդունում, սակայն սպառնացել է, թե իրեն չբուժելու դեպքում հացադուլ կանի։