ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստից հետո հանդիպել է բողոքի ակցիա կազմակերպած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ, ովքեր պահանջում են չվճարված աշխատավարձը։
Աբրահամյանը տեղեկացրել է, որ գալիք շաբաթվա ընթացքում աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը և նշել, որ մինչ օգոստոսի վերջ մանրամասն կուսումնասիրվի «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը և կմշակվեն դրանից դուրս գալու հնարավոր քայլերը:
Նշենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին պարտք են մոտ 2 տարվա աշխատավարձ, նրանց նախկինում էլ մի քանի անգամ 1 ամսվա աշխատավարձ են վճարել բողոքի ակցիաներից հետո, սակայն իրավիճակը չի փոխվել։
Հանդիպումից առաջ բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը Epress.am-ի հետ զրույցում ասել են, թե արդեն չեն հավատում, որ իրավիճակը կարող է դեպի լավը փոխվել։