Հայաստանն ավելի շատ կտուժի, քան կշահի Ռուսաստանի դեմ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներից և Ռուսատանի պատասխան պատժամիջոցներից՝ ուղղված արևմտյան երկրների դեմ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։
Վերջինս ասել է, որ Արևմուտքի կիրառած սանկցիաներն ավելի ուժեղ են, քան ՌԴ-ի պատասխանը, ինչը բնական է, քանի որ Արևմուտքի տնտեսությունը (ԱՄՆ, Կանադա, ԵՄ, Ճապոնիա) 19 անգամ մեծ է ռուսաստանյանից։
«Դժբախտաբար, Ռուսաստանի պատասխանում նաև սխալներ կան։ ՌԴ սանկցիաների մեջ կան այնպիսիք, որոնք ավելի շատ վնասում են Ռուսաստանին։ Օրինակ, լեհական խոզի մսի արգելանքը։ Միևնույն ժամանակ արևմտյան ալկոհոլային խմիչքները սանկցիաներից դուրս են մնացել։ Անհասկանալի է, անտրամաբանական»,- ասել է տնտեսագետը։
Ռուսաստանի՝ Արևմուտքին ուղղված պատժամիջոցներից օգտվելով՝ Հայաստանը կարող է մի փոքր ավելացնել իր արտահանումը դեպի ՌԴ, կարծում է պատգամավորը։
«Բայց այստեղ ես ձեռնպահ կմնայի օպտիմիստական կոմենտներից։ Օրինակ, արդեն հայտնի է, որ ռուսական բանկերի հայաստանյան որոշ մասնաճյուղեր կամ դուստր ձեռնարկություններ իջեցրել են իրենց վարկավորման ծավալների պլանային ցուցանիշները։ Բացի դա, ասենք, սկսեցինք խոզի միս կամ հավի միս արտահանել ՌԴ։ Բայց մենք մրցունակ չենք։ Մի քանի տարի կամ ամիս հետո, հենց որ սանկցիաները հանվեն, մեր այդ ձեռնարկությունները փակվելու են»,- ասել է Բագրատյանը։