«Սերժիկ, տամոժնիկ», «Ազատ, անկախ Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան» և «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով այսօր մի խումբ քաղաքացիներ երթ են անցկացրել՝ պահանջելով, որպեսզի Հայաստանի իշխանությունները հրաժարվեն Մաքսային միությանը (ՄՄ) և Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու մտքից։ Նշենք, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության պատրաստակամության մասին հայտարարել էր ուղիղ 1 տարի առաջ՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին։
Երթի մասնակիցները նշում էին, որ իրականում տեղի է ունենում վերոնշյալ կառույցներին Հայաստանի բռնակցում։ Հայաստանի պետական դրոշները, ինչպես նաև «Putin, kaput», «No Putin, No cry» գրառումներով պաստառները ձեռքներին ակցիայի մասնակիցները շարժվել են Ազատության հրապարակից, անցել են Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներով՝ հասնելով նախագահական նստավայրի մոտ, որտեղ ընթերցել են ՄՄ-ին և ԵՏՄ-ին չմիանալու իրենց բողոք-պահանջը։
«Ժամանակն է գիտակցել, որ չպետք է վախենանք այս փտած ու ժանգոտած համակարգից, երբ ինչպես մեր երկրի, այնպես էլ Ռուսաստանի մերկապարանոց իշխանությունները գտնվում են ծանր հոգեվարքի մեջ, երբ օրեցօր պարզ է դառնում, որ Ռուսական կայսերական հավակնությունները բուտաֆորիա են և հիմք ու հեռանկար չունեն, և մնացել են պարզապես ահաբեկելու էժանագին տարբերակները», – մասնավորապես, ասված էր պահանջում։
«Ես չգիտեմ՝ ով ինչ պահանջ ունի, սակայն ես պահանջում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Մաքսային միությունը Ռուսական կայսրությունը վերականգնելու սցենար էր, իսկ այդպիսի սցենարը չի կարող լուրջ բան լինել առանց Ուկրաինայի։ Ինձ թվում է՝ Ուկրաինայով է պայմանավորված Մաքսային միության ձախողումը։ Բացի դա, ռուս որոշ խեղկատակներ սկսել են այնպիսի հայտարարություններ անել, որոնք ջղայնացնում են անգամ Բելառուսի և Ղազախստանի նախագահներին»,- ասել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ Մաքսային միությունը ձևական կառույց է, ինչպիսին է ԱՊՀ-ն կամ ՀԱՊԿ-ն։
«Որտե՞ղ էր ՀԱՊԿ-ը, երբ դրա անդամ Հայաստանի անվտանգությունը վտանգված էր ողջ օգոստոսին», – ասել է Բարսեղյանը։
Նշենք, որ Մաքսային միության՝ Հայաստանի անդամակցության դեմ բողոքի մեկ այլ ակցիա է տեղի ունենալու նաև այսօր՝ 17.00-ին՝ կրկին նախագահական նստավայրի դիմաց։ Այդ ակցիան նախաձեռնել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։