ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի այսօրվա նիստին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հորդորել է ծառայողական քննություն անցկացնել ԱԺ անվտանգության ծառայության պետի կողմից լրագրող Մարինե Խաչատրյանի վրա հարձակման փաստի առիթով։
«Երեկ հերթական արտառոց միջադեպն է գրանցվել Ազգային ժողովում․ ինձ հայտնի անձը, իսկ լրատվամիջոցների պնդմամբ՝ ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը, Ազգային ժողովի տարածքից դուրս գալով, հարձակում է գործել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ տեղի է ունեցել շատ լուրջ իրավախախտում, որով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները։
Փաշինյանը նշել է, որ որպես Ազգային ժողովի պատգամավոր ինքը խստորեն դատապարտում եմ Ազգային ժողովի աշխատակցի նման գործելակերպը։
«Կարծում եմ, որ այս հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, բայց մինչ այդ, պարոն Սահակյան, կարծում եմ պատեհ կլինի, որ Դուք հանձնարարեք՝ այս հարցով անցկացվի ծառայողական քննություն»,- եզրափակել է պատգամավորը։
Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 16:30-ի սահմաններում «Հակահարված» արվետսագետների խմբի ներկայացուցիչները ակցիա են անցկացրել՝ ԱԺ-ի մուտքի վրա փակցնելով «Բարև Ռոբ» գրությամբ պաստառ: Դարպասից դուրս եկած Հայրապետյանը հարձակվել է ակցիան լուսաբանող լրագրողների վրա՝ հարվածելով «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանին և գցելով նրա ձեռքին եղած նկարահանող սարքը: Ապա նա կոպիտ տոնով և «դու»-ով է խոսել Epress.am-ի լրագրողի հետ՝ իր գործողությունները մեկնաբանելու ու ներկայանալու պահանջին ի պատասխան՝ հայտարարելով. «Ինչ եմ անում որ, շատ գիտեմ ով ա [նկատի ունի Մարինե Խաչատրյանին]»։
Այսօր ավելի վաղ Epress.am-ի զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն ասել է, որ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, լրագրողին հարվածելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունն առայժմ որևէ հաղորդում չի ստացել, և դեռ հայտնի չէ, թե արդյոք քննություն կսկսվի ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա։
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների վարչության նորանշանակ պետ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում ասել է, որ Ազգային ժողովում դեպքի հետ կապված ծառայողական քննություն չի իրականացվելու, քանի որ անվտանգության աշխատակիցները չեն հանդիսանում ԱԺ աշխատակազմի մաս, այլ Պետական պահպանության ծառայության աշխատակիցներ են։