Վիրահատության կարիք ունեցող 3.5-ամյա երեխայի ընտանիքը պատրաստ է Ֆրանսիայի կլինիկայից հետ պահանջել վճարած գումարները և հնարավորության դեպքում երեխայի բուժումը կազմակերպել մեկ այլ երկրում, քանի որ Ֆրանսիայի դեսպանատունը հրաժարվում է երեխայի ծնողներին վիզա տրամադրել՝ առաջարկելով Ֆրանսիա մեկնել միայն ծնողներից մեկին։ Երեխայի հայրը՝ Ռոման Զակիյանը, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ, թեև դիմել է ԱԳՆ և Ազգային ժողով, առայժմ որևէ արձագանք չի ստացել։ Իրեն օգնող մարդկանցից մեկը, ում անունը երեխայի հայրը չի ցանկացել հրապարակել, կապվել է դեսպանատան հետ, որտեղից պատասխանել են, թե «նրանք մեզ ջղայնացրել են՝ խնդրի մասին հայտնելով ԶԼՄ-ներին»։
3.5-ամյա Իգորն ունի աչքի խնձորակի սուբատրոֆիա։ Հայաստանում միակ հնարավոր բժկական միջամտությունը աչքի հեռացումն է, Մոսկվայի կլինիկաներում ևս Իգորի ծնողներին բուժում չեն առաջարկել և խորհուրդ են տվել երեխային տանել Եվրոպա։ Ֆրանսիական կլինիկաներից մեկը, ծանոթանալով երեխայի հիվանդության պատմությանը, խոստացել է փրկել երեխայի գոնե մեկ աչքը։
Հայրը պատմել է, որ ավելի վաղ հետազոտության համար երեխայի հետ ինքն է մեկնել Ֆրանսիա և պայմանավորվածություն ձեռք բերել, սակայն երեխան առանց մոր անընդհատ լացում էր, ինչը նրան հակացուցված է՝ հաշվի առնելով աչքի հետ խնդիրները։ Եվ եթե մայրը չկարողանա մեկնել, ստիպված կլինեն հրաժարվել վիրահատությունից։
Մանրամասները՝ այստեղ
Epress.am Լուրեր Հայաստանից