Հայ ժողովրդի երկու հատվածների միջև բաժանարար մաքսային սահմանը, Հայաստանի Հանրապետությանը և Արցախին պատճառելիք տնտեսական վնասից բացի, կունենա նաև լրջագույն քաղաքական և հոգեբանական հետևանքներ։ Այս մասին «168 ժամ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ արտգործնախարարի նախկին տեղակալ, ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը։
«ՀՀ֊ն ու ԼՂՀ֊ն արդեն ավելի քան 20 տարի գտնվում են մեկ միասնական ֆինանսա֊տնտեսական տարածքում և անվտանգության ընդհանուր միջավայրում, և Հայաստանի անդամակցությունը նոր տնտեսական միավորմանը չպետք է խաթարի առկա ստատուս քվոն»,֊ նշել է Մայիլյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները մինչև պայմանագրի ստորագրման ժամկետը բանակցային մյուս կողմերի հետ միասին պետք է գտնեն այնպիսի լուծումներ և ձևակերպումներ, որոնք կբացառեն հայկական երկու պետությունների միջև մաքսակետերի տեղադրման հնարավորությունը, հակառակ դեպքում անդամակցությունը պետք է հետաձգել կամ էլ ընդհանրապես հրաժարվել դրանից։
Լուսանկարը՝ artsakhnews.am