Ռուսաստանցի իրավապաշտպան, լրագրող ու այլախոհ Ալեքսանդր Պոդրաբինեկը դիմել է «Էքսպրեսս֊Խրոնիկա» թերթի նախկին աշխատակիցներին, հեղինակներին ու ընթերցողներին՝ խնդրելով սատարել անազատության մեջ գտնվող իրենց ադրբեջանցի գործընկերներին։
֊ Ձեզանից շատերը գիտեն Բաքվում մեր նախկին թղթակիցներին՝ Լեյլա Յունուսին ու նրա ամուսին Արիֆին։ Ոմանք նրանց անձամբ են ճանաչում։ Նրանք թերթում աշխատել են դրա ստեղծման առաջին իսկ օրվանից։ «Էքսպրեսս֊Խրոնիկա»֊ի թողարկման տարիներին այն Ադրբեջանից ստացվող ամենահուսալի ու անխափան տեղեկատվության աղբյուրն էր։ Նրանց հաղորդումներից ու ռեպորտաժներից մենք կարող էինք դատել՝ ինչ էր կատարվում այն ժամանակ դեռևս խորհրդային, այնուհետև արդեն անկախ Ադրբեջանում։
Այս տարվա հուլիսի 30֊ին Ադրբեջանի իշխանությունները ձերբակալեցին Լեյլա Յունուսին, ավելի ուշ՝ նաև նրա ամուսնում՝ Արիֆին։ Նրանց իրավապաշտպանական գործունեությունը, նրանց կողմից ստեղծված Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտը, նրանց հանրային դիրքն ու Ալիևի ավտորիտար ռեժիմին համառորեն չենթարկվելը բազմիցս հանգեցրել են կոնֆլիկտների իշխանության հետ։ Այժմ նրանց մեղադրում են, թե իբր դեռևս 1992 թվականից նրանք համաձայնության էին եկել Հայաստանի հատուկ ծառայությունների հետ ու զբաղվում էին գործակալների հավաքագրմամբ, Հայաստանի հատուկ ծառայություններին ռազմական գաղտնիքներ էին փոխանցում։ Պետական դավաճանության անհեթեթ մեղադրանքներին ավելացվել են ոչ պակաս անհեթեթ քրեական մեղադրանքներ՝ խարդախություն, հարկերից խուսափելը, և այլն։
Ընկերներ, գործընկերներ, Լեյլան ու Արիֆն այլևս երիտասարդ չեն ու բանտում հեշտ չէ։ Նրանք հիվանդ են, իսկ դուք լավ գիտեք՝ ինչ է նշանակում բանտ հետխորհրդային ավտորիտար պետությունում։ Մենք չենք կարող ինքներս նրանց ազատել, բայց կարող ենք մեր բողոքն արտահայտել Ադրբեջանի իշխանություններին, Մոսկվայում նրանց դիվանագիտական ներկայացուցիչներին։
«Էքսպրեսս֊Խրոնիկա» թերթի նախկին աշխատակից Սվետլանա Գաննուշկինան կազմակերպել է ցույց Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանության շենքի դիմաց։ Ցույցը կանցկացվի հինգշաբթի՝ հոկտեմբերի 9֊ին, ժամը 15֊ին՝ Ադրբեջանի դեսպանության շենքի դիմաց (Լեոնտևյան նրբանցք, տուն 18)։
Եկեք՝ սատարենք մեր ընկերներին, ադրբեջանցի քաղբանտարկյալներին, մեր ադրբեջանցի թղթակիցներ Լեյլա և Արիֆ Յունուսներին։
Լուսանկարում՝ ցույց Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց (2012թ)