«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը կրկին դատարանում պայքարում է ՀՀ ոստիկանության կողմից տեղեկատվությունը գաղտնի պահելու դեմ: Հիշեցնենք, որ նման հայցադիմում գրասենյակն արդեն ներակայացրել էր Ոստիկանության դեմ՝ ծառայողական քննության արդյունքները տրամադրելը մերժելու փաստի առթիվ: Ներպետական ատյաններում հայցադիմումը մերժվել էր:
Ոստիկանության ոչ թափանցիկ գործելաոճին վերաբերող այս նոր գործը մտնում է դատավարության փուլ, հոկտեմների 13-ին կայացել է նախնական դատական նիստը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմել էր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում քանի ծառայող է աշխատում, նրանցից քանիսն են ղեկավար պաշտոնում, քանիսը՝ շարքային, քանիսն են արական սեռի, քանիսը՝ իգական: Սաքունցը խնդրել էր տեղեկատվությունը տրամադրել ըստ կոչումների: Ոստիկանությունը պահանջված տեղեկատվությունը մերժել էր՝ պատճառաբանելով, որ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ հաստիքների կամ ցուցակի, համարվում են գաղտնի:
Հայցը քննվելու է 2014 թ. նոյեմբերի 14-ին։