Ռուսաստանցի երաժիշտ, «Մաշինա վրեմենի» խմբի մեներգիչ Անդրեյ Մակարևիչն արձագանքել է Բաքվում իր համերգը չեղյալ հայտարարելու որոշմանը։ Ռուսաստանում Մակարևիչը շարունակում է ճնշումների ենթարկվել իշխանության կողմից վերահսկվող լրատվամիջոցների կողմից՝ Ուկրաինայում իր ունեցած համերգի, ինչպես նաև այդ երկրի հանդեպ պաշտոնական Մոսկվայի գործողություններն անընդունելի համարելու պատճառով։
«Ֆեյսբուքի» իր էջում երաժիշտը, մասնավորապես, գրել է․ «Մարազմն ամրապնդվում է։ Բաքուն չեղյալ է հայտարարել «Կրեոլյան տանգոյի նվագախմբի» համերգն այն պատրվակով, թե այն կարող էր «ուկրաինամետ ելույթների» համար առիթ դառնալ ։ Մեր համերգները դեռևս «ուկրաինամետ ելույթների» առիթ չեն դարձել ոչ Ռուսաստանում, ոչ Բելառուսում, ոչ Լատվիայում, ոչ Մոլդովայում, ոչ Ամերիկայում։ Դե ինչ, պարոնայք բաքվեցիներ, ինքներդ ներողություն խնդրեք տոմսեր գնած ձեր հանդիսատեսից ու փորձեք միաժամանակ չստել։ Ես ձեր ներողությունները չեմ ընդունում»։
«Կրեոլյան տանգոյի նվագախմբի» ու Անդրեյ Մակարևիչի համատեղ համերգը պետք է կայանար հոկտեմբերի 31֊ին, Բաքվի՝ Հեյդար Ալիևի անվան պալատում։
Ադրբեջանցի հրապարակախոս Չինգիզ Սուլթանսոյը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքում այդ առիթով գրում է․ «Հանրաճանաչ ու իմ կողմից իր ստեղծագործական աշխատանքի ու քաղաքացիական դիրքորոշման համար մեծապես հարգված երգիչ, պոետ, երգահան, պրոդյուսեր Անդրեյ Մակարևիչն իրավունք ունի իր դժգոհությունը, եթե ոչ վրդովմունքը, արտահայտել Բաքվում իր համերգը չեղյալ հայտարարելու վերաբերյալ։ «Մաշինա վրեմենի»֊ի առաջատարը միայն մի հարցում է սխալ՝ համերգը բաքվեցիները չեն չեղյալ հայտարարել՝ Բաքու քաղաքի բնակիչներն ու իր արվեստի երկրպագուները, որոնք երազում էին լսել, տեսնել, վայելել նրա արվեստը։ Համերգը չեղյալ է հայտարարել համերգասրահի ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, իր շեֆերի հետ համատեղ՝ Մշակույթի և տուրիզմի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ և այլն։ Իսկ այստեղ մեծ տարբերություն կա։ Բաքվեցիներին, որոնք այս դեպքում տուժող կողմն են, մնում է միայն լուռ վրդովվել համերգի կազմակերպչի նման գործողություններից։ Թեկուզ միայն այն պատճառով, որ նրանցից, ովքեր հասցրել էին տոմս գնել, որևէ մեկը ներողություն չի խնդրել։ Այս առումով ներկայիս Ադրբեջանը շատ նման է ներկայիս Ռուսաստանին։ Ո՞ւմ, եթե ոչ Անդրեյ Վադիմովիչին, կարող են նման պահերը հայտնի լինել․․․»։