Գլխավոր / Տեսանյութեր / «Գլենդել հիլզ»-ից խաբված բնակիչներն իրենց տունն են դարձնելու Կառավարության շենքը (Տեսանյութ)

«Գլենդել հիլզ»-ից խաբված բնակիչներն իրենց տունն են դարձնելու Կառավարության շենքը (Տեսանյութ)

«Գլենդել հիլզ» ընկերության կողմից խաբված բնակարանատերերը հայտարարել են, որ չեն դադարեցնելու բողոքի հերթական ակցիան ու չեն հեռանալու Կառավարության շենքի մոտից, քանի դեռ իրենց չի ընդունել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ակցիային մասնակցում են տարբեր շենքերում, այդ թվում՝ Տիգրան Մեծ պողոտայի, Եկմալյան փողոցի և Երևանի գինու կոմբինատի հարևանությամբ կառուցվող բնակելիներում բնակարան գնած քաղաքացիներ: Նրանք նշել են, որ «Գլենդել հիլզ»-ի սնանկության պատճառով բնակարանից զրկվել է մոտ 130 մարդ և մնացել վարձով բնակարանները մեկը մյուսի հետևից փոխելու հույսին:

Բողոքողներից մի քանիսն ասել են, որ թեև սովորաբար իրենց վարձի գումարը տրվում էր ընկերության կողմից, սակայն արդեն երեք ամիս է՝ բնակարանատերերից ոմանք այն չեն ստացել։

Ակցիայի ժամանակ ոստիկանները պատնեշ էին կառուցել և չէին թողնում քաղաքացիներին մտնել Կառավարության շենք կամ մոտենալ մուտքին:

2protest

«Բա ձեզ սազու՞մ է նման պահվածք»,- մոտենալ փորձող կանանց հանդիմանում էին ոստիկանները: Ոստիկաններից մեկը նույնիսկ նախազգուշացնում էր՝ «մյուս անգամ ոստիկանի չխփեք, դա քրեական հոդված է»:

«Ինձ տուն չեն տալիս, արդեն երկու տարի է՝ պայմանագրիս ժամկետն անցել է, ես էլ Կառավարության շենքն եմ ինձ տուն դարձնելու ու ստեղ կապրեմ»,- ասել է բողոքող կանանցից մեկը:

Քաղաքացիները լրագրողներին պատմել են, որ իրենց հետ հանդիպում է Հովիկ Աբրահամյանը, բայց նախկինում նույնը անում էր Տիգրան Սարգսյանը, ով «գումարները յուրացրեց, խոստումներ տվեց ու անցավ ԱՄՆ դեսպանի պաշտոնին» և այլևս պատասխանատվություն չի կրում իր խոստումների համար:

Բնակիչներին մտահոգում է նաև փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականը. «Նա էր մեր գործով զբաղվում, ու լուծում չէր գտնում: Իսկ հիմա ո՞վ է գալու, նորից պետք է ամեն ինչ բացատրե՞նք: Մենք արդեն 70 տարեկան ենք, իրանց գալիս, գնում են էդ պաշտոններում, բայց մենք տուն չենք ստանում: Երբ պետք է հասցնենք վայելենք»։

Հենց Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին իմանալով էլ՝ բնակիչները պարտադիր կերպով պահանջում են վարչապետի հետ հանդիպում, ով նախկինում մի քանի անգամ հանդիպել էր իրենց։

1protest