Սյունիքի մարզի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանն առայժմ չի արձագանքել ՄԻՊ Կարեն Անդրեասյանի միջնորդությանը և Վճռաբեկ դատարանի հորդորին՝ արձագանքել զոհված զինվոր Արման Մուրադյանի հոր դիմումներին։ Այս մասին Epress.am֊ին հայտնել է Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը։
ՄԻՊ֊ը դիմել էր դատավորին՝ խնդրելով դիտարկել Մուրադյանի մահվան գործով նիստերը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզում անցկացնելու հարցը։ Ներկայումս նիստերը գումարվում են չճանաչված ԼՂՀ֊ի մայրաքաղաք Ստեփանակերտի դատարանում, իսկ պաշտոնական փաստաթղթերում նշվում է, թե նիստերն անցնում են «Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում»։
Ըստ Հովսեփ Մուրադյանի՝ ՄԻՊ֊ն իր նամակում նշել էր, որ դատարանի նախագահն իր դիմումը քննելուց հետո պետք է պատասխանի զինվորի հորը 5֊օրյա ժամկետում։
«Արդեն անցել է 10 օր, դատարանից ոչ մի նամակ չեմ ստացել, ոչ մերժում, ոչ ընդունում, ոչ լռության որևէ հիմնավորում։ Ես պատրաստվում եմ ՄԻՊ գրասենյակի իրավաբանների հետ քննարկել՝ ինչ պետք է անել հիմա»,֊ ասել է Մուրադյանը։
Նա նշել է, որ Վճռաբեկ դատարանն իր պահանջը քննելու դիմումը Սյունիքի դատարան ներկայացրել էր ավելի վաղ՝ մոտ 3 շաբաթ առաջ, սակայն այդ դիմումի պատասխանն էլ դեռ չկա, մինչդեռ սահմանված կարգի համաձայն, այն պետք է տրվեր 15֊օրյա ժամկետում։
Գործի քննությունը Հայաստան տեղափոխելու պահանջով Մուրադյանը բազմիցս դիմել է թե ՄԻՊ-ին, թե Դատական դեպարտամենտին:
Դատական դեպարտամենտը մի քանի անգամ մերժել է պահանջն այն պատճառանաբությամբ, թե դատարանն իրավունք ունի արտագնա նիստեր գումարել:
20-ամյա զինծառայող Արման Մուրադյանը զոհվել է 2013 թվականի հուլիսի 30-ին ԼՂՀ Մարտակերտի զորամասերից մեկում: Նախաքննության համաձայն զինծառայողը ինքնասպան է եղել, ինչը Մուրադյանի ծնողներն անհիմն և սուտ վարկած են համարում: Գործով մի քանի նիստ գումարվել է Ստեփանակերտի դատարանում՝ առանց տուժող կողմի իրավահաջորդին տեղյակ պահելու։