ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը (լուսանկարում) երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել է, որ «Արաբո» ջոկատի հրամանատար Սամվել Եղիազարյանին և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին իր հրահանգով ծեծել են՝ Սերժ Սարգսյանին հայհոյելու համար։
«Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցէ մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես», ֊ ասել է Երանոսյանը։
«Ծեծել են Սերժ Սարգսյանին հայհոյելու համար» հոդվածում թերթն ընդգծում է, որ Երանոսյանը Սերժ Սարգսյանի մերձավոր անձանցից է։ Երկուշաբթի նա երկու ազատամարտիկներին հրավիրել է ռեստորան և զրույցի ընթացքում պահանջել, որպեսզի քաղաքական գործընթացներին չխառնվեն և նախագահի դեմ չգնան։
«Ռազմիկ Պետրոսյանը և Մանվել Եղիազարյանը բաց տեքստով ասել են, թե ինչ են մտածում Սերժ Սարգսյանի մասին։ Երանոսյանը պահանջել է իր նախագահին չհայհոյել, սակայն ազատամարտիկները կրկնել են, թե ինչ են մտածում «նրա նախագահի» մասին», ֊ գրում է թերթը։
Երբ ազատամարտիկները դուրս են եկել ռեստորանից, նրանց մոտեցել են 7-8 երիտասարդներ, որոնք մինչ դա կողքի սենյակում են եղել։ Նրանք վիճաբանել են ազատամարտիկների հետ, գործը հասել է քաշքշոցին և միմյանց հարվածներ հասցնելուն։ Աղմուկը լսելով՝ ռեստորանից դուրս է եկել Երանոսյանի վարորդը և սաստել է երիտասարդներին, որոնք անմիջապես ենթարկվել են նրան, նշում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում