Home / Տեսանյութեր / Գյումրիի սպանության կասկածյալին գտել են

Գյումրիի սպանության կասկածյալին գտել են

Երեկ կեսգիշերից հետո Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտակայքում հայ֊թուրքական սահմանին ծառայություն իրականացնող ռուսաստանցի սահմանապահները գտել են Գյումրիում մեկ ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին։

Տեղեկությունը Galatv.am֊ի և News.am-ի հետ զրույցում հաստատել են, համապատասխանաբար, Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը և ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Պերմյակովը փորձել է հատել հայ-թուրքական սահմանը:

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանվել են Գյումրիի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տան բնակիչներ՝ 54-ամյա Սերյոժա Ավետիսյանը, 56-ամյա Հասմիկ Ավետիսյանը, 36-ամյա Աիդա Ավետիսյանը, 34-ամյա Արմեն Ավետիսյանը, 25-ամյա Արաքսյա Պողոսյանը, 3 տարեկան Հասմիկ Ավետիսյանը: 2014 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, նրան վիրահատել են, երեխայի վիճակը ծանր է: