հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Գյումրիի հայտնի սպանության մեջ մեղադրվողի ցուցմունքից հետո ոստիկանների դեմ գործ է հարուցվել

Գյումրիի հայտնի սպանության մեջ մեղադրվողի ցուցմունքից հետո ոստիկանների դեմ գործ է հարուցվել

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայտարարության հիման վրա քրեական գործ է հարուցվել, գրում է «Ժողովուրդ» թերթը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կայացած դատական նիստին Հարություն Սարգսյանը պատմել էր, որ իրեն դաժան ծեծի են ենթարկել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը և քրեական հետախուզության պետ Աշոտ Կարապետյանը, ով այժմ Երևանի ոստիկանապետն է:

«Սենյակ եկան Բաբակեխյանը, Վահրամ Ենգոյանը, 2 քաղաքացիական հագուստով մարդիկ: Դրանցից մեկին չեմ հիշում, բայց մյուսին հետո իմացա, որ քրեական հետախուզության պետ Աշոտ Կարապետյանն էր: Բաբակեխյանը սկսեց ծեծել ինձ, մի ձեռքով պինդ բռնում էր մի ականջս, մյուս ձեռքով հարվածում էր մյուս ականջիս: Այդ ժամանակ նա հրահանգեց անունը լավ չեմ հիշում՝ Ազատ էր թե Արազ, որ աթոռ բերի: Նա փայտից աթոռ բերեց, բայց Բաբակեխյանը զայրացավ՝ ասելով, որ երկաթից աթոռ բերի: Ինձ պառկացրին գետնին, մեջքի կողմով գլուխս կիսածալված հենեցին պատին, աթոռը նստելու տեղի կողմից դրեցին դեպի ինձ, ոտքիս թաթերը դուրս հանեցին հենակի հատվածից՝ սրունքների հետևի մասով դեպի նստատեղը: Նրանցից մեկը` Վահրամ Ենգոյանը, հանեց կոշիկներս: Բաբակեխյանը ռետինե սև մահակով հարվածեց ոտքերիս, ոտնաթաթերիս տակ, այդ ժամանակ Կարապետյանն ու Ենգոյանը բռնել էին ինձ, որ չշարժվեմ: Նրանք ինձ ծեծելով ուզում էին ստիպել, որ ասեմ, թե իբր ես եմ սպանել Կարենին: Ամենադաժան ծեծը ու մարմնական վնասվածքներիս մեծ մասը ստացել եմ այդ ժամանակ: Ծեծը այնքան ուժեղ էր, որ ուշագնաց եմ եղել», – մասնավորապես, պատմել էր Սարգսյանը:

«Ժողովուրդի» հետ զրույցում Աշոտ Կարապետյանն ասել է, որ «անլուրջ հայտարարություններ» չի մեկնաբանում, իսկ «Առաջին լրատվականին» նա հայտնել է, որ եթե Հարությունը նման ցուցմունք է տվել, ապա պետք է պատասխան տա սուտ մատնության համար։ «Էդ նո՞ր ա հիշել, որ տենց բան կա, բա նախաքննության ժամանակ խի՞ չէր ցուցմունք տալի։ Ես բանուգործ չունեմ, հա՞, ես ինչի՞ պիտի․․․ ինչ-որ անհեթեթ անձի, ինչ-որ երկոտանի անձի ծեծելս ո՞րն ա։ Ամոթ ա ուղղակի։ Գիտեք ոնց, իմ աշխատողները պռոստը չեն հարգի ինձ, եթե ես մարդ ծեծեմ», – ասել է ոստիկանապետը։

Այնուամենայնիվ, երեկ ՀՔԾ-ից «Ժողովուրդին» հայտնել են, որ «ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնական լիազորությունների անցում կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով, և 315-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով պարտականությունները չկատարելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Կատարվում է նախաքննություն»։

Թե ովքեր են գործում ներգրավվել որպես մեղադրյալներ, ՀՔԾ-ն չի գաղտնազերծել։   

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Asparez.am