Home / Տեսանյութեր / Բարձրաստիճան ոստիկանները տոկոսով գումար էին տալիս և բնակարան խլում․ թերթը փաստաթուղթ է հրապարակել

Բարձրաստիճան ոստիկանները տոկոսով գումար էին տալիս և բնակարան խլում․ թերթը փաստաթուղթ է հրապարակել

Ֆինանսական բուրգի հայտնի գործով հարցաքննված բարձրաստիճան ոստիկանների ցուցմունքներից պարզ է դառնում, որ այդ բուրգը իրոք ստեղծվել է նրանց կողմից և նրանք էլ, օգտագործելով իրենց պաշտոնները, զբաղվել են «փողերի վազվռատով», գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Գործով որպես մեղադրյալ է անցնում Արթուր Անդրեասյանը, որը մեղադրվում է խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 7 քաղաքացուց առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ։ Այս պահի դրությամբ ոչ մի բարձրաստիճան ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, թեև թերթը նշում է, որ բուրգը ղեկավարվել է «վերևներից»։

«Հայկական ժամանակ»-ի տրամադրության տակ են հայտնվել գործի շրջանակներում Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի և Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները։ Ներսիկ Նազարյանը նշել է, որ բիզնեսով երբեք չի զբաղվել։ Քննիչի հարցին, թե Արմեն Նազարյանը (Ներսիկ Նազարյանի որդին), Կարեն Մանուկյանը, Ռուբեն Բաբակեխյանը (Կարեն Բաբակեխյանի որդին) և Սարգսի Սարգսյանը երբ, ինչ պայմաններով և որքան գումար են տվել Արթուր Անդրեասյանին, Երևանի նախկին ոստիկանապետը պատասխանել է, թե բացարձակ տեղեկություն չունի նշված անձանց կողմից Արթուրին պարտքով գումարներ տալու մասին և վստահ է, որ նման բան չի եղել։

Ըստ նախաքննության ձեռք բերված տեղեկությունների՝ Արթուր Անդրեասյանը բարձր տոկոսով, փոխառությամբ խոշոր գումարներ է վերցրել Ներսիկ Նազարյանի որդուց՝ Արմեն Նազարյանից, Ռուբեն Բաբակեխյանից և մյուսներից, ապա այդ գումարների բարձր տոկոսները մարելու պատճառով ձախողել է ձեռնարկատիրությունը, ինչի արդյունքում «կորցրել է» պարտատերերի գումարները։ Այդ պնդմանը Նազարյանը պատասխանել է, թե իր որդին դժվար թե պարտքով գումար տված լիներ, քանի որ սեփական բիզնեսների համար վերցրած վարկեր ունի և չունի ազատ միջոցներ։ Այնուամենայնիվ, ըստ նախաքննության, Արթուր Անդրեասյանն իր պարտատերերին տվել է մի ցուցակ, որում նշված է, թե Կարեն Մանուկյանից վերցրել է 100 հազար դոլար՝ 3 տոկոսով, Սարգիս Սարգսյանից՝ 200 հազար դոլար՝ 8 տոկոսով, Ռուբեն Բաբակեխյանից՝ 400 հազար դոլար՝ 4 տոկոսով, Դոնարա Նազարյանից (Ներսիկ Նազարյանի կինը)՝ 50 հազար՝ 4 տոկոսով, Արմեն Նազարյանից ՝ 120 հազար դոլար։

Քննիչի հարցին, թե ինչպես կբացատրի ցուցակի առկայությունը, Ներսիկ Նազարյանը պատասխանել է, որ Անդրեասյանը ստեր է հորինել, ու պնդել է, որ իր մտերիմները նրան գումար չեն տվել։

«Հայկական ժամանակ»-ը նշում է նաև, որ նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունների համաձայն, Կարեն Բաբակեխյանի մասնակցությամբ Բաղրամյան պողոտայում գտնվող տարածքում տեղի է ունեցել Արթուր Անդրեասյանի պարտքերի վերադարձման հարցի վերաբերյալ պարզաբանումը։ Տեղեկանալով, որ Արթուր Անդրեասյանը բնակարան գնելու հարցում օգնել է իր եղբորը՝ Վիլեն Անդրեասյանին, Կարեն Բաբակեխյանի հանձնարարությամբ մի քանի երիտասարդներ Վիլեն և Նաիրա Անդրեասյաններին հարկադրաբար բերել են Բաղրամյան պողոտայում գտնվող տարածք, որտեղ նրանց երեխաներին սպանելու սպառնալիքի տակ ստիպել են, որ իրենց՝ Կոմիտասի պողոտայում գտնվող տունը գրանցեն Բաբակեխյանի որդու՝ Ռուբենի անունով, ինչը և կատարվել է 2 օր անց։ Բաբակեխյանը քննիչի հետ զրույցում հերքել է, թե նման բան է տեղի ունեցել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում