Ազգային ժողովը մերժել է Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության` ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդումը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 10 պատգամավոր, դեմ` 62։ ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը: Նշենք, որ հարցապնդման մեջ ՀԱԿ-ը խոսում է Հայաստանի իշխանության ամենավերին օղակներում կոռուպցիայի առկայության և դրա հաղթահարման ուղիների մասին։
ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ իրենք ընդհանուր առմամբ հավանել են ՀԱԿ-ի նախագիծը, սակայն «որոշ ձևակերպումների հետ կապված ունեն վերապահումներ»:
Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմել է ՀՀԿ մեծամասնությանը՝ հորդորելով կողմ քվեարկել իրենց ներկայացրած փաստաթղթին:
«Դուք էլ եք ընդունում, որ կոռուպցիան մեր երկրի հիմնական չարիքն է: Այն որոշման նախագիծը, որ մենք բերել ենք, առաջարկ է ձեր ընտրած կառավարությանը և դատախազությանը: Եթե դուք չեք անում այդ քայլը, դուք դառնում ենք կոռուպցիայի պաշտպանը», – ասել է Զուրաբյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հակադարձել է Զուրաբյանին, թե ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու, քանի որ «չեն կարող անհեթեթություններին օրինական հիմք տալ»:
Քննարման ժամանակ ևս խոսքի իրավունք է խնդրել Նիկոլ Փաշինյանը, սակայն ինչպես երեկվա նիստում, այսօր էլ նախագահող, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նրան ձայնի իրավունք չի տվել: