Փետրվարի 7-ին ծեծի ենթարկված ՓՄՁ բողոքի ակցիաների մասնակից, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը տեղի ունեցածի վերաբերյալ ունի իր ենթադրությունները, որոնց մասին առայժմ չի ցանկանում խոսել։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Խաչատրյանը պատմել է, որ դիմակավորված անձինք անսպասելիորեն հարձակվել են իր վրա, դիմակ հագցրել ու մտցրել մեքենան, որից հետո, ինչ֊որ տեղ տանելով, մի քանի ժամ անընդմեջ ծեծի են ենթարկել։
Ակտիվիստի խոսքով՝ իրեն ծեծողները գրեթե չէին խոսում, իսկ միմյանց հետ շփվում էին ժեստերով։
«Հետո բերեցին մի ամայի վայր, թողեցին։ Անցորդներին հարցրեցի ու հասկացա, որ Նորքի 8-րդ զանգվածի մատույցներում եմ», ֊ ասել է Խաչատրյանը։
Նա նշել է, որ մեծ դժվարությամբ է կարողացել տրանսպորտ նստել, քանի որ թե տաքսիները, թե երթուղայինները, տեսնելով իրեն արյունոտ վիճակում, չէին կանգնում։
«Ահագին ոտքով գնացել եմ, հետո պատահական երթուղային եմ կանգնացրել կիսագիտակից վիճակում», ֊ ասել է ակտիվիստը։
Հարցին, թե արդյոք տեղի ունեցածից հետո շարունակելու է զբաղվել հասարակական գործունեությամբ, Խաչատրյանը պատասխանել է, որ էլ ավելի ակտիվ է լինելու։