Վրաստանում բնակվող հինգ հազար հայեր ՀՀ քաղաքացիություն են ընդունել՝ այդ փաստը թաքցնելով իշխանություններից։ Նրանք նման որոշում են կայացրել, որպեսզի առանց խոչընդոտների մեկնեն Ռուսաստան ու այնտեղ աշխատանքի տեղավորվեն, հայտնում է «Ռուստավի 2» հեռուստաալիքը։
ՀՀ անձնագրեր ստանալուց հետո, սակայն, նրանք կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը, քանի որ Վրաստանի Սահմանադրության համաձայն, երկրի քաղաքացին, որը միաժամանակ դարձել է մեկ այլ երկրի քաղաքացի, ավտոմատ կերպով կորցնում է Վրաստանի քաղաքացիությունը, իսկ երկքաղաքացիություն ունենալու համար անհրաժեշտ է դիմել Վրաստանի նախագահին։
«Էխո Կավկազա» ռադիոկայանը, հղում կատարելով տեղական ԶԼՄ֊ներին, հայտնում է, որ, փորձելով լուծել խնդիրը, հայաբնակ Ջավախքի բնակիչները ստորագրահավաք են սկսել, որը ղեկավարում է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մելիք Ռաիսյանը։ Բնակիչները խնդրում են իրենց թույլ տալ շարունակել բնակվել Վրաստանում՝ առանց տեղի քաղաքացիություն ունենալու։
ոչ միայն աշխատանքներ, այլև ապօրինի քվեարկություն Հայաստանում
2013 թվականի հունիսին հաղորդվել էր, որ Վրաստանի արդարադատության նախարարությանը կից Հանրային ծառայությունների զարգացման գործակալությունը պարզել է, որ երկրի ավելի քան 30 հազար քաղաքացիներ՝ առանց Վրաստանի իշխանություններին տեղյակ պահելու, միաժամանակ դարձել են այլ երկրների քաղաքացիներ:
Այն ժամանակ Վրաստանի իշխանություններին, օրինակ, դիմել էր «Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» կազմակերպությունը՝ խնդրելով անձնագրային համաներում հայտարարել։ Դիմում֊նամակում, մասնավորապես, ասված էր, որ աղքատությունն ու աշխատավայրերի բացակայությունը Սամցխե֊Ջավախեթի մարզի հայերին ստիպում է պարբերաբար սեզոնային աշխատանքների մեկնել Վրաստանի սահմաններից դուրս, հիմնականում՝ Ռուսաստան, սակայն 2008 թվականին Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ շրջանի հայ բնակչությունը ստիպված է եղել օգտվել Հայաստանի կողմից տրամադրվող երկքաղաքացիության իրավունքից։
Ավելի վաղ Վրաստանի Հանրային ծառայությունների զարգացման գործակալությունը հատուկ նամակով դիմել էր երկքաղաքացիություն ունեցող քաղաքացիներին՝ հայտնելով, որ նրանց վրացական քաղաքացիությունն անօրինական է: Երկրի Արդարադատության նախարարությունը նամակը ստացած բոլոր քաղաքացիներին կոչ էր արել երկքաղաքացիություն ստանալու համար դիմել գործակալությանը:
2012 թվականի մայիսին «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել էր ՀՀ ԱԱԾ-ին` խնդրելով հրապարակել մայիսի 3-4-5-ին Վրաստանից ՀՀ պետական սահմանը հատած քաղաքացիների թիվը և անձնագրային տվյալները: Նախաձեռնությունը մտահոգություն էր հայտնել, որ Վրաստանից Հայաստան բերվել են քաղաքացիներ` ԱԺ ընտրություններին մասնակցելու համար:
«Ջավախքից ավտոբուսներով մեծ թվով մարդիկ են բերվում Հայաստան: Ընդ որում, նրանք թեև Վրաստանի քաղաքացի են, բայց ունեն հայկական անձնագիր և ներառված են ընտրացուցակներում: Ընդ որում, վրացական օրենքներով արգելվում է երկքաղաքացիությունը: Այնպես որ, գործ ունենք ջավախահայերին տրամադրված անօրինական հայկական անձնագրի մասին, ինչը Հայաստանում քվեարկության իրավունք է տալիս: Ի դեպ, Ջավախքից դեպի Երևան շարժվող ավտոբուսների վրա ռուսերեն գրված է. «Ջավախքն ի պաշտպանություն Հանրապետական Կուսակցության»: Մեզ ահազանգած ջավախքցիները հայտնել են, որ շարասյունն ուղեկցել է Ախալքալակի ոստիկանապետի որդին` ոմն Գևորիկը», – ասված էր հայտարարության մեջ: