Իրեն և 9-ամյա որդուն հրկիզելու փորձ կատարած 47-ամյա Աննա Բադալյանը մահացել է։ Այրվածքների և ճառագայթային բժշկության կենտրոնից հայտնել են, որ կինը 4-րդ կարգի այրվածքներ է ստացել, այրվել է մարմնի ավելի քան 70 տոկոսը։
Հիշեցնենք, որ հրկիզման դեպքը տեղի է ունեցել փետրվարի 9-ին Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի 48 բնակարանում։
Համաձայն պաշտոնական վարկածի, վաղ առավոտյան՝ 04։00-ի սահմաններում, Բադալյանը կողպել է իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո մուրճով բազմաթիվ հարվածներ հասցրել դեռահաս որդու գլխի շրջանում։ Հարվածների հետևանքով երեխային պատճառվել են գանգուղեղային բաց վնասվածքներ։
Կնոջ բնակարանից քննիչներն առգրավել են մուրճը՝ արյան հետքերով, և բենզինի հոտով պոլիէթիլենային տարա։ Մայրը հրդեհել է բնակարանը, սակայն ժամանած հրշեջները մարել են այն։ Բադալյանը ամբողջ մարմնի 4-րդ աստիճանի այրվածք է ստացել, իսկ 9-ամյա որդին՝ բաց գանգուղեղային վնասվածք և մարմնի տարբեր մասերի հատվածների այրվածք։